Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջեյք Սալիվանի հետ

607c3f3eef3c6

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցին արված հայտարարության կապակցությամբ՝ նշելով դրա առանցքային նշանակությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին։

Ըստ աղբյուրի՝ ամերիկյան կողմն անընդունելի և սադրիչ է համարել Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի իրականացրած գործողությունները և տեղեկացրել, որ ԱՄՆ դիրքորոշումը ներկայացվելու է նաև ադրբեջանական ղեկավարությանը՝ պահանջով դուրս բերել իրենց ուժերը ՀՀ տարածքից:

Խորհրդական Սալիվանը բարձր է գնահատել տվյալ իրավիճակում հայկական կողմի ցուցաբերած զսպվածությունը և հարցերը ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ճանապարհով լուծելու քայլերը:

ՀՀ վարչապետի աշխատակազմից նաև հայտնում են, որ ամերիկյան կողմն իր մտահոգությունն է հայտնել նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների առնչությամբ և ընդգծել նրանց վերադարձի ապահովման կարևորությունը։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը բարձր է գնահատել ժողովրդավարության ամրապնդման հարցում Հայաստանի կառավարության հանձնառությունը և հավաստիացրել, որ ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել Հայաստանին ժողովրդավարական օրակարգի առաջմղման հարցերում:

Դիտումների քանակը: 4435
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին