Պատերազմի 30 մասնակիցներ ինքնասպանություն են գործել Ադրբեջանում՝ հաշմանդամության նպաստ չստանալու պատճառով

ազ

Ադրբեջանում արցախյան 44-օրյա պատերազմի վետերանների մի մասը դժգոհում է, որ չեն կարողանում հաշմանդամության նպաստ ստանալ և, առհասարակ, բախվում են իրենց իրավունքների ոտնահարման հետ։ Իշխանությունները պնդում են, որ խնդիրը օրենսդրության անկատարության և հենց վետերանների անհիմն պահանջների մեջ է։ Այդ մասին ծավալուն հոդված է հրապարակել Deutsche Welle լրատվական գործակալությունը։

Աղբյուրը նշում է, որ Ադրբեջանում վեճեր են ընթանում, թե ով է մեղավոր նպաստների հետ կապված խնդիրների համար ու հավելում է, որ օրեցօր թեման ավելի ողբերգական է դառնում։ Վերջինս հղում կատարելով ադրբեջանական մամուլին գրում է, որ արցախյան պատերազմի ավարտից անցած մեկուկես տարում մասնակիցներից ավելի քան 30-ը ինքնասպանություն են գործել։ Վերջին նման ինքնասպանությունը տեղի է ունեցել 2022 թվականի հունիսի 16-ին։ Սակայն առայժմ միայն քչերն են հակված դա դիտարկել որպես Ադրբեջանում վտանգավոր միտում, շեշտում է Deutsche Welle լրատվական գործակալությունը։

«2022 թվականի սկզբից Բաքվում տեղի են ունեցել ղարաբաղյան երկրորդ պատերազմի մասնակիցների մի քանի խմբակային եւ անհատական բողոքի ցույցեր։ Նրանք հիմնականում դժգոհում են, որ չեն կարողանում հաշմանդամության համար դիմել եւ սոցիալական նպաստ ստանալ։ Հունիսի 2-ին տեղի ունեցած ակցիան մեծ հնչեղություն է ստացել։ Ցուցարարները «գրոհել են» աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարության շենքը, կոտրել են դռներն ու ներխուժել դահլիճ՝ պահանջելով, որ իրենց ընդունի նախարար Սահիլ Բաբաեւը։ Նախարարը նրանց մոտ այդպես էլ դուրս չի եկել, բայց առաջին անգամ սկսել է լրջորեն խոսել խնդրի մասին։ Հասարակության մի մասի կարծիքով՝ պետությունը պատերազմի մասնակիցներին թողել է բախտի քմահաճույքին, հենց որ նրանց կարիքն այլեւս չի եղել»,- գրում է աղբյուրը։

Վետերանները կարծում են, որ իրենց նկատմամբ խտրականություն է դրսևորվում։ Նրանք ստեղծել են «Երիտասարդ վետերաններ» հասարակական միավորումը և պահանջում են ստեղծել «պատերազմի մարդկանց» հանձնաժողով, որում կընդգրկվեն հասարակության մեջ հեղինակություն ունեցող անձինք։ Բողոքի մասնակիցները մեղադրում են գործող նախարար Սահիլ Բաբաևին անգործության մեջ։

Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին պատերազմի վետերանի կարգավիճակ ստացածները ամսական 80 մանաթ (մոտ 50 դոլար) «լռելյայն» նպաստ են ստանում: Վետերանների համար հաշմանդամության նպաստը կազմում է 300-400 մանաթ (մոտ 177-236 դոլար)՝ կախված խմբից:

Հաշմանդամություն ձևակերպելու համար վետերանը պետք է հիվանդանոցից տեղեկանք ներկայացնի, որ վիրավորվել է մարտադաշտում: Ոմանց համար խնդիրները սկսվում են արդեն այս փուլում՝ եթե վիրավորվել, սակայն այս կամ այն պատճառով նրանք չեն գնացել հիվանդանոց և ընդհանրապես չեն արձանագրել այդ վնասվածքները, այժմ իրենց ձեռքին ապացույցներ չունեն։ Մյուսները դժգոհ են, որ իրենց մերժել են հաշմանդամության առաջին խմբում գրանցելը և դրա փոխարեն տվել են երկրորդ խումբ: Ընդ որում, պաշտոնյաների փաստարկները երբեմն զուտ բյուրոկրատական բնույթ են կրում՝ օրինակ, ոտքի ոսկորը նորմայից վեց սանտիմետրով է կարճ, այլ ոչ թե յոթ:

Աղբյուրը նշում է, որ Ադրբեջանում շատերը մեղադրում են իշխանությանը պատերազմ ծավալելու մեջ՝ շեշտելով, որ այն անկախ ելքից բերելու է հազարավոր վիրավորներ և հոգեկան ծանր ապրումներրով մարդկանց։

Դիտումների քանակը: 4360
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին