Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կրկին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրել 5 զինծառայողների։ Այդ մասին հայտնում են ԱՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից։
Համաձայն աղբյուրի ԱԱԾ-ն բացահայտվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից Արցախի Հանրապետությունում ստեղծված գործակալական ցանցի գործունեություն, որի կազմում ներգրավված են եղել ՊԲ տարբեր ստորաբաժանումներում ծառայության մեջ գտնվող անձինք։ Բացի այդ տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ կանխվել է Արցախի մի քանի քաղաքացու հետագա հավաքագրումը։
Նշվում է, որ Արցախի քաղաքացիները, հանդիսանալով N զորամասի զինծառայողներ, սոցցանցերով կապ են հաստատել հայ անձի տվյալներով գրանցված օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցի կողմից օգտագործվող հաշվի հետ։ Որոշակի ժամանակ նրա հետ շփվելուց հետո վերջինիս առաջադրանքով նրան են տրամադրել պետական ու ծառայողական գաղտնիք կազմող իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքերի տեղակայման, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի թվաքանակի, մարտունակության, մարտական դիրքերում առկա զենքերի տեսակի և քանակի, զորամասի հրամանատարական կազմի վերաբերյալ տվյալներ, ինչի դիմաց մեկ անձ ստացել է 200 դոլար, իսկ մնացածներին խոստացված գումարը չի վճարվել։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա` պետական դավաճանության համար մեղադրանք է առաջադրվել Արցախի քաղաքացիներ Ա.Ա.–ին, Մ.Հ.–ին և Ա.Բ.–ին։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ ՊԲ ևս 2 զինծառայողի հավաքագրումն էլ ժամանակին կանխվել է։
Թողնել պատասխան