ՌԴ-ն ակնկալում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն առաջիկայում կսկսեն սահմանազատման գործընթացը

Russian Foreign Ministry Spokeswoman Zakharova gives press briefing

Մոսկվան Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակման հարցը առանցքային խնդիրներից մեկն է համարում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում համագործակցության կազմակերպման համատեքստում: Այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Բարձր ենք գնահատում ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ Այդ խմբի համանախագահները կանոնավոր շփման մեջ են, որպեսզի բոլոր կողմերին բավարարող որոշումներ մշակվեն»,– ասել է Զախարովան՝ մատնանշելով, որ անցյալ շաբաթ Երևան էր այցելել ռուսաստանցի համանախագահ, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել տարածաշրջանի հաղորդակցության խնդիրները։
Զախարովան հույս է հայտնել, որ առաջիկայում կհաջողվի սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործնական աշխատանքը։

«Հետևողականորեն հանդես ենք գալիս հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի ստեղծման և հետագա դեմարկացիայի օգտին՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ»,- ընդգծել է Զախարովան՝ հավելելով, որ պետք է քայլեր ձեռնարկել սահմանի կայունությունն ու անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ այդ հարցը քննարկվել է Դուշանբեում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման ժամանակ:

«Գործընկերները տեղեկացրել են, որ իրենք մոտ են ազգային պատվիրակությունների ձևավորման ավարտին», — ասել է Զախարովան` ավելացնելով, որ Ռուսաստանն արդեն ձևավորել է իր փորձագիտական թիմը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի կարծիքով՝ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքների շուտափույթ մեկնարկն անհրաժեշտ է նաև ցանկացած տեսակի սահմանային միջադեպերի կանխարգելման համար:

«Դրա շրջանակում հնարավոր կլիներ վստահության բարձրացման մեխանիզմներ ձևավորել` ներառյալ շփման խմբերի ստեղծումը՝ սահմանամերձ շրջաններում կայուն մթնոլորտ ապահովելու համար»,-կարծում է Զախարովան:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութում օրեր առաջ «ապամոնտաժվել» է հայկական խաչքար և ջնջվել են հայկական գրությունները Զախարովան նշեց, որ այդ մասին ինքը տեղեկացված չէ, իսկ պաշտոնական Ռուսաստանը կողմերին կոչ է անում պահպանել մշակութային կոթողները։

Դիտումների քանակը: 4254
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին