Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024 թ.–ի Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնել են Ռուբեն Վարդանյանի գրասենյակից։

Նրա թեկնածությունն առաջադրել են մի շարք հեղինակավոր անձինք, որոնցից թվում նաև Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր կա:

«Հեղինակավոր անձանց կողմից Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է այդ բարձր մրցանակին՝ շուրջ հինգ տասնյակի հասնող նոր և աննախադեպ կրթական, բարեգործական, գիտական և մարդասիրական կառույցների ստեղծման ու օժանդակման համար ոչ միայն Հայաստանում, այլև մի շարք երկրներում»,– հայտնել են գրասենյակից։

Առաջադրողները հիշատակել են նրա գործունեությունը շրջափակված Արցախում, որտեղ Ռուբեն Վարդանյանը մեծ ջանքեր է ներդրել՝ փորձելով ոչ միայն մեղմել մարդասիրական ծանր կարիքները, այլև դժվարին վիճակում հայտնված մարդկանց ու երեխաների կենսական պայմանների բարելավման հնարավորություններ ստեղծել:

«Գնահատելի է համարվել այն, որ Ռուբեն Վարդանյանի բարեգործությունն ընդգրկում է ոչ միայն ազգային, այլև միջազգային մակարդակները, և գլոբալ ազդեցություն ու նշանակություն ունի: Նրա հեղինակային խոշոր նախագծերից մեկը՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, ուղղված է աշխարհի բոլոր անկյուններում, բոլոր մայրցամաքներում օգնելու և ձեռք մեկնելու բոլոր նրանց, ովքեր վտանգելով սեփական կյանքը բարիք են գործում: Վարդանյանին առաջադրման ներկայացված հարգարժան անձանց նամակում կարևոր է համարվում նաև այն, որ նա հարգալից է եղել ոչ միայն իր ժողովրդի, կրոնի, այլև այլոց ժառանգության նկատմամբ. որպես դրա վառ օրինակ նշվում է Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ վերանորոգված Շուշիի իրանական մզկիթը»,- հայտնում են Վարդանյանի գրասենյակից:

Նշվում է, որ Ռուբեն Վարդանյանը, իր գործընկերների հետ համատեղ, ընդհանուր առմամբ շուրջ 700 նախագիծ է իրականացրել Հայաստանում, Արցախում և հայկական աշխարհում` ներդրումներ անելով մարդասիրության, կրթության, պատմամշակութային ժառանգության պահպանության, զբոսաշրջության ու ենթակառուցվածքների զարգացման և մի շարք այլ ոլորտներում:

Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի սահմանի մոտ` Հակարի կամրջի անցակետում, Վարդանյանն ապօրինաբար կալանավորվեց Ադրբեջանի կողմից և մինչ օրս գտնվում է Բաքվի բանտում: Նրան սպառնում է մինչև 14 տարվա ազատազրկում:

Դիտումների քանակը: 3841
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին