Շուրջ 40 մեղադրյալ՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և ԶՈՒ կատարած ռազմական հանցագործությունների փաստերով. ՀՀ դատախազություն

Նկատի ունենալով, որ լրացել է 2020 թ. Արցախյան պատերազմի սկսման առաջին տարելիցը և առաջնորդվելով պատերազմին առնչվող հանցագործությունների առթիվ իրականացվող քրեական վարույթների արդյունքների վերաբերյալ իրազեկված լինելու հանրության իրավունքի իրացման անհրաժեշտությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների, ինչպես նաև պատերազմական գործողությունների ընթացքում ՀՀ և ԱՀ պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ ուղղված ներքին հանցագործությունների փաստերի առթիվ քննվող քրեական գործերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն 2021 թ. սեպտեմբերի 15-ի դրությամբ՝ այնքանով, որքանով չի կարող վնասել քննությունների բնականոն ընթացքին:

Ըստ այդմ՝ ՀՀ դատախազության հսկողության և դատավարական ղեկավարման ներքո ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում, ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում և ՀՀ ՀՔԾ-ում քննվել կամ քննվում է Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված ավելի քան 2150 քրեական գործ:

Մասնավորապես, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության, զինված ուժերի կողմից կատարված ռազմական հանցագործությունների փաստերով ՀՀ քրեական օրենսգրքի 217-րդ, 217.1-րդ, 226-րդ, 384-րդ, 387-րդ, 389-րդ, 390-րդ, 391-րդ, 394-րդ, 395-րդ, 397.1-րդ հոդվածների տարբեր մասերի հատկանիշներով հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր, որոնցով լայնածավալ նախաքննությունն իրականացվում է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու դեպքի առթիվ քննվող 2 վարույթի շրջանակում: Դրանցով քննության առարկա են, մասնավորապես՝

Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի նկատմամբ 2020 թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը միջազգային բազմաթիվ պայմանագրերի և միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի նորմերի, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառման արգելքի անտեսմամբ, ազգային ատելության շարժառիթով ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և իրականացնելու, դրա ընթացքում գրեթե բոլոր զինատեսակներով Արցախի և Հայաստանի զինված ուժերի մարդուժին և ռազմական նշանակության ենթակառուցվածքներին, տեխնիկական միջոցներին, խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը կանխամտածված և նպատակաուղղված կերպով թիրախավորված կամ ոչ ընտրովի հարվածներ հասցնելու, զինծառայողներին, քաղաքացիական անձանց դիտավորությամբ մահ պատճառելու, գույքային հսկայական վնասներ հասցնելու բազմաթիվ դեպքերը.

Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից զինված ընդհարման ժամանակ, ինչպես նաև հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ԱՀ ՊԲ զինծառայողների, քաղաքացիական անձանց գերեվարումները, միջազգային կոնվենցիաների, միջազգային մարդասիրական իրավունքի մի շարք նորմերի կոպտագույն խախտումներով ընդհուպ կոնվենցիոնալ պաշտպանության ներքո գտնվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց դաժանաբար սպանության, խոշտանգման, նրանց նկատմամբ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսևորելու բազմաթիվ դեպքերը.

Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից, միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերի խախտմամբ, ազգային ատելության շարժառիթով ինչպես մարտական գործողությունների ընթացքում, այնպես էլ հրադադարի հաստատման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո հայկական պատմական հուշարձանները, պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաները, ծագումով հայերի գերեզմանները ոչնչացնելու, վնասելու կամ պղծելու բազմաթիվ դեպքերը.

ռազմական գործողությունների ընթացքում ԱՀ ՊԲ զինծառայողների, քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ միջազգայնորեն արգելված, այդ թվում նաև՝ քիմիական բաղադրությամբ զինատեսակների կիրառման դեպքերը.

ադրբեջանցիների կողմից ազգային պատկանելության հիման վրա հայերի դեմ ցեղասպանությունն արդարացնելու, թշնամանք հարուցելու, ատելություն և բռնություն հրահրելուն ուղղված հրապարակային կոչերի դեպքերը.

ԱՀ-ի և ՀՀ-ի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում միջազգային ահաբեկչական խմբավորումների վարձկանների ներգրավման, մերձավորարևելյան տարածաշրջանից հազարավոր վարձկան ահաբեկիչներին Թուրքիայի տարածքով Ադրբեջան տեղափոխման և ռազմական գործողություններում օգտագործելու, այդ նպատակով ռազմաքաղաքական ղեկավարության պատասխանատու պաշտոնատար անձանց նախնական համաձայնության շրջանակներում միջազգային ահաբեկչությւան ֆինանսավորման դեպքերը.

ՀՀ տարածքում՝ Երասխ գյուղի հատվածում, ՌԴ զինված ուժերի Մի 24 տեսակի ռազմական ուղղաթիռը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից հրթիռահրետանային սարքերի կիրառմամբ խոցելու և դրա արդյունքում երկու անձանց սպանվելու և մեկ անձի մարմնական վնասվածք ստանալու դեպքը:

Վերոնշյալ քրեական գործերով իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ, 384-րդ, 387-րդ, 390-րդ, 391-րդ, 393.1-րդ, 397.1-րդ և 395-րդ, 217-րդ, 34-390-րդ, 389-րդ հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել ընդհանուր՝ շուրջ 40 անձ, այդ թվում՝ ինչպես Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այնպես էլ վարձկան գրոհայիններ, ահաբեկչական խմբավորումների ղեկավարներ:

Նրանց նկատմամբ հիմնականում որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել միջազգային հետախուզում:

Միջազգային ահաբեկչության վերաբերյալ դրվագով անջատված մասով 2 անձի վերաբերյալ մեկ քրեական գործ ուղարկվել է դատարան, որի արդյունքում նրանց վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ:

Նախաքննության շրջանակներում լայնածավալ քննչական, օպերատիվ-հետախուզական գործողությունները շարունակվում են:

Դիտումների քանակը: 4009
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին