Շուշիի միջոցառումը լուրջ հարված է ՄԱԿ-ի հեղինակությանը

shushiiii-min

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն արձագանքել է ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառումը Շուշիում կազմակերպելու տեղեկությանը։

«Պաշտոնական Բաքուն, իր ոճին համահունչ, շարունակում է ապակառուցողական քաղաքականությունը՝ ուղղված Արցախի նկատմամբ իր ագրեսիայի արդյունքների օրինականացմանը՝ փորձելով այդ գործընթացում ներգրավել և օգտագործել նաև միջազգային հանրությանն ու տարբեր կառույցների։ Այդ քաղաքականության հերթական դրսևորում է Միավորված ազգերի կազմակերպությանը Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության կազմակերպումը Արցախի օկուպացված Շուշի քաղաքում և միջոցառմանը ՄԱԿ-ի ու նրա կառույցների ներկայացուցիչների մասնակցությունը»,– նշված է գերատեսչության տարածած հայտարարության մեջ։

Խստիվ դատապարտելով Շուշիում նման միջոցառման անցկացումը ԱՀ ԱԳՆ-ն շեշտում է, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությունը Ադրբեջանի ագրեսիայի և հայատյացության գլխավոր թիրախներից մեկը հանդիսացող բնակավայրում կազմակերպվող միջոցառմանը հակասում է միջազգային այս հեղինակավոր կազմակերպության գործունեության հիմնադրույթներին, գաղափարախոսությանն ու առաքելությանը և, անկասկած, օգտագործվելու է Ադրբեջանի կողմից իր մարդատյաց և ագրեսիվ քաղաքականության լեգիտիմացման նպատակով։

«Սա նաև լուրջ հարված է ՄԱԿ-ի հեղինակությանը, ինչը բացասական ազդեցություն կունենա կազմակերպության աշխատանքների արդյունավետության վրա»,– հավելում են ԱՀ ԱԳՆ-ից։

Դիտումների քանակը: 4486
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին