Սպիվակովի բարեգործական համերգի հասույթը կփոխանցվի Զինվորի տանը բուժվող զինվորներին

Սպիվակով

Աշխարհահռչակ ջութակահար, դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է բարեգործական համերգի` ի աջակցություն Զինվորի տանը բուժվող զինվորների։ Այդ մասին հայտնում են «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնից։

Աղբյուրը նշվում է, որ Վլադիմիր Սպիվակովի համերգով նոյեմբերի 27-ին կմեկնարկի Զինվորի տան նոր՝ «Armenia 301» նախագիծը, որի խորհուրդը միասնականությունն է և համայն հայության համախմբումը մեկ գաղափարի շուրջ։

«Ես բազմիցս եկել եմ Հայաստան` որպես մենակատար և դիրիժոր, իմ ընտանիքը միշտ եղել է ձեզ հետ՝ և՛ տխրության, և՛ ուրախության պահերին: Վերջին տարիներին Հայաստանը դժվար ժամանակներ է ապրում: Ինձ համար կարևոր է աջակցել ձեզ այն ամենով, ինչով կարող եմ: Հանդես կգամ 3 համերգով` երկուսը՝ Երևանում և մեկը՝ Գյումրիում: Այս 3 համերգից առաջինը Զինվորի տանը բուժվող և կյանք վերադարձող վիրավոր զինվորների համար է»,– ասել է Սպիվակովը։

Տոմսերի վաճառքից ստացված հասույթը կփոխանցվի վերականգնողական կենտրոնին։

ԵՊԲՀ ռեկտոր և Զինվորի տան համահիմնադիր Արմեն Մուրադյանն իր երախտիքի խոսքն է հայտնել հայ ժողովրդի մեծ բարեկամ Վլադիմիր Սպիվակովին՝ կրկին հայ ժողովրդի կողքին կանգնելու համար:

Նոյեմբերի 27-ի բարեգործական համերգի ընթացքում Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն Պյոտր Չայկովսկու, Արամ Խաչատրյանի, Ջոակինո Ռոսինիի, Վինչենցո Բելլինիի, Ջակոմո Պուչչինիի, Էռնեստո դե Կուրտիսի ստեղծագործություններ։ Որպես մենակատար նվագախմբի հետ հանդես կգա հայազգի հանրահայտ մեներգչուհի, Մեծ թատրոնի մենակատար Աննա Ագլատովան:

Նոյեմբերի 28-ի համերգի ժամանակ ունկնդրին կներկայացվեն ռուս կոմպոզիտորներ Ս. Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը և Պ. Չայկովսկու Թիվ 5 սիմֆոնիան, մենակատար` միջազգային մրցույթների դափնեկիր Ալեքսանդր Կլյուչկո (դաշնամուր):

Վլադիմիր Սպիվակովի` Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում նոյեմբերի 29-ին կայանալիք համերգին կհնչեն հատվածներ Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից, «Կարապի լիճը» և «Մարդուկ-Ջարդուկը» բալետներից, Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» դրամայից:

Դիտումների քանակը: 3876
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին