Ստեփանակերտն ընդունում է երկու ճանապարհների առաջարկը

Արցախի իշխանությունները որոշում են կայացրել թույլ տալ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների տեղափոխումը։ Այդ մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Նշվում է, որ խոսքը Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով արտասահմանյան ծագում ունեցող հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխման մասին է` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով։

«Հաշվի առնելով երկրում խորացող աղետն ու անվտանգային իրադրությունը՝ Արցախի Հանրապետության իշխանությունները որոշում են կայացրել ընդունել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության համատեղ առաջարկը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Արցախի կառավարությունը շեշտում է, որ այս գործընթացի կազմակերպումն անհրաժեշտ է ինչպես քաղաքացիների կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, այնպես էլ Բերձորի միջանցքով հումանիտար բեռների հետագա տեղափոխումն ապահովելու համար:

Միջնորդներն աշխատանք են տանում Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։ Նշվում է, որ հանդիպման նպատակն է թեթևացնել Արցախի Հանրապետությունում ստեղծված լարված հումանիտար և անվտանգային իրավիճակը։

Տեղեկատվական շտաբից շեշտում են, որ հումանիտար բեռների համար Ակնա–Ստեփանակերտ երթուղու բացման որոշումը կայացվել է օրեցօր խորացող ճգնաժամի պայմաններում, երբ ոչ միշտ է հաջողվում ամեն օր ապահովել կտրոնային համակարգով նախատեսված քաղաքացուն օրական հասանելիք 200 գրամ հացը:

Դիտումների քանակը: 4122
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին