Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի հասցեին հնչեցրած Էրդողանի վիրավորանքներին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը դատապարտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին հնչեցված Ռեջեփ Թայիփ Էրդողանի վիրավորանքները։ Ֆրանսիայի ԱԳՆ–ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել` նշելով, որ իր երկրի հանդեպ իրականացվող քարոզչությունը կեղծ է, զրպարտող։ Ֆրանսիայի ԱԳՆ-ի արձագանքի պատճառ դարձավ Կայսերի քաղաքում Էրդողանի հերթական ելույթը, որում նա մասնավորապես ասել էր․ «Մակրոնն ի՞նչ խնդիր ունի իսլամի ու մահմեդականների հետ։ Եթե պետության ղեկավարն այդպես է վերաբերվում իր երկրում գտնվող միլիոնավոր մուսուլմաններին, ուրեմն նա գիտակցության վերահսկողության կորուստ ունի։ Նա հոգեբույժի մոտ գնալու կարիք ունի»։ Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաև հաստատել է, որ Ֆրանսիան հետ է կանչել իր դեսպանին Թուրքիայից Փարիզում խորհրդակցությունների համար։ «Վերջին օրերին Կոնֆլան-Սենտ-Օնորին քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո թուրքական իշխանությունների կողմից դատապարտման կամ համերաշխության արտահայտման որևէ պաշտոնական նշանի բացակայությանն ավելացավ ատելի և կեղծ քարոզչությունը Ֆրանսիայի դեմ։ Դա ցույց է տալիս մեր դեմ և մեր ներսում ատելություն սերմանելու ցանկությունը, ինչպես նաև ուղղակի վիրավորանք է հանրապետության նախագահի հասցեին՝ արտահայտված թուրքական պետության բարձրագույն մակարդակում»,- նշված է նախարարի խոսքում հաղորդագրությունում։ Նա ընդգծել է՝ նման պահվածքն անթույլատրելի է հատկապես դաշնակից երկրի կողմից։ Այդ պատճառով էլ դեսպանը հետ է կանչվել խորհրդակցությունների նպատակով։