Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից․ ՀՀ ԱԳՆ

Screenshot_20240419-205618_X

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Այդ մասին հայտնում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից։

Աղբյուրը նշում է, որ հանդիպման արդյունքում հանձնաժողովները պայմանավորվել են.

Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող, իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Որոշել են, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

Համաձայնել են, որ կողմերը կդիմեն իրենց կառավարություններին՝ սահմանագծի համաձայնեցված հատվածներում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով:

Համաձայնել են նաև, որ մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը արձանագրություն-նկարագրությունում նշված համաձայնեցված սահմանագծի հատվածները կհամարվեն սահմանազատված:

Զուգահեռաբար պայմանավորվածություն են ձեռք բերել ավարտին հասցնել հանձնաժողովներիհամատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև 2024թ. հուլիսի 1-ը և մեկնարկել դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը՝ Կողմերի՝ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և պահանջների համաձայն:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով: Կողմերը պայմանավորվել են նաև տվյալ հիմնարար սկզբունքն ամրագրել կանոնակարգի նախագծում (եթե հետագայում ՀՀ և ԱՀ միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին Համաձայնագրով կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա կանոնակարգի համապատասխան դրույթները կհամապատասխանեցվեն տվյալ Համաձայնագրով սահմանված սկզբունքներին):

Պայմանավորվել են կանոնակարգի հաստատումից հետո համաձայնեցնել հերթականությունը և շարունակել սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ ներառյալ անկլավների և էքսկլավների հետ կապված հարցերով:

Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:

Իր հերթին պաշտոնական Բաքուն հայտնում է, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել չորս գյուղերը։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

«Երկար սպասված պատմական իրադարձություն. Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով ​​հանձնաժողովների 8-րդ նիստից հետո Հայաստանը համաձայնել է վերադարձնել ադրբեջանական 4 գյուղերը, որոնք օկուպացված են եղել 1990-ականների սկզբից»,- գրել է նա։

Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից․ ՀՀ ԱԳՆ

Դիտումների քանակը: 3629
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին