Որքան երկար տևի այս իրավիճակը, այդքան ավելի շատ են տուժելու երեխաները. ՅՈՒՆԻՍԵՖ Լաչինի միջանցքի մասին

Լեռնային Ղարաբաղի՝ Լաչինի միջանցքով մուտքի փաստացի փակումը բացասաբար է անդրադառնում երեխաների իրավիճակի վրա: Այդ մասին հայտնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ից։ «Որքան երկար տևի այս իրավիճակը, այդքան ավելի շատ են տուժելու երեխաները հիմնական սննդամթերքի և տարրական ծառայությունների պակասից, որոնք անհրաժեշտ են իրենց գոյատևման, առողջ աճի և բարեկեցության համար: Մինչդեռ շատ երեխաներ զրկվել են նաև ծնողական խնամքից, քանի որ բաժանվել են իրենց ծնողներից կամ օրինական խնամակալներից»,– նշվում է հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ չափազանց կարևոր է ապահովել, որ Լեռնային Ղարաբաղում երեխաները լինեն պաշտպանված, և որ մարդասիրական կազմակերպությունները կարողանան ապահով և արագ հասնել կարիքի մեջ գտնվողներին: ՅՈՒՆԻՍԵՖ-ը վստահեցնում է, որ շարունակում է երկխոսության եզրեր փնտրել և համագործակցել բոլոր դերակատարների հետ, որպեսզի հնարավորություն ստանա մուտք գործել՝ աջակցելու այդ տարածքում բնակվող երեխաներին: Միաժամանակ, ասվում է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերահաստատում է նախորդ պայմանավորվածություններին համապատասխան Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունն ապահովելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր մտահոգություն էր հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Գլխավոր քարտուղարը կողմերին հորդորել էր թուլացնել լարվածությունը և միջանցքով ազատ տեղաշարժ ու անվտանգություն ապահովել՝ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։

Արտակ Բեգլարյանը նամակ է ուղարկել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենին՝ երեխաների համաշխարհային օրվա առթիվ

Մարդու իրավունքների պաշտպանը նոյեմբերի 20-ին, երեխաների համաշխարհային օրվա առթիվ նամակ է ուղարկել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորին, որում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ տիկին Ֆոր, Նոյեմբերի 20-ը քաղաքակիրթ աշխարհի համար կարևոր օր է, քանզի հենց այդ օրն է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ընդունել Երեխայի իրավունքների հռչակագիրը (1959 թ.) և Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան (1989 թ.): Այս երկու փաստաթղթերը հիմնված են մարդկության կարևոր առաքելության վրա` անվերապահորեն պաշտպանելու երեխաների իրավունքները ցանկացած իրավիճակում` երաշխավորելով նրանց զարգացման համար անհրաժեշտ պայմանները: Ցավոք, այսօր, երբ ամբողջ աշխարհը նշում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) երեխաները զրկված են իրենց իրավունքներից, այդ թվում ՝ երեխաների կյանքի, առողջության իրավունքից, ընտանիքի և համայնքի հետ լինելու իրավունքից, անձնային զարգացման ու պաշտպանության իրավունքից, կրթության իրավունքից և մի շարք այլ հիմնարար իրավունքներից: Նրանք զրկված են իրենց իրավունքներից սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիայի պատճառով: Պատերազմի ընթացքում Ադրբեջանը Արցախի մոտ 170 (շուրջ 70%) համայնքներում դիտավորյալ և չտարբերակված հարվածների է ենթարկել քաղաքացիական նշանակության օբյեկտներ, բնակելի շինություններ, ենթակառուցվածքներ: Քաղաքացիական անձանց շրջանում արձանագրվել է առնվազն 50 զոհ և 163 վիրավոր, ներառյալ՝ 1 զոհված և 9 վիրավոր երեխա: Կյանքին և առողջությանը սպառնացող վտանգից պաշտպանվելու համար Արցախի երեխաներն իրենց ընտանիքների հետ տեղահանվել են՝ ապաստանելով առավել անվտանգ վայրերում՝ Արցախում և Հայաստանի Հանրապետության տարածքում: Դիտավորյալ ու չտարբերակված հարձակումների են ենթարկվել նաև դպրոցները, մանկապարտեզները և հիվանդանոցները: Նախնական տվյալներով՝ Արցախում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասվել է առնվազն 71 դպրոց, 14 մանկապարտեզ՝ չհաշված ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող՝ ԱՀ համայնքների դպրոցներն ու մանկապարտեզները: Կրթության իրավունքից զրկվել են 23,978 դպրոցական տարիքի և 4,036 նախադպրոցական տարիքի երեխաներ: Ադրբեջանական օկուպացիայի և Արցախի մի շարք համայնքների՝ Ադրբեջանին հանձնելու հետևանքով հազարավոր երեխաներ դարձել են անտուն՝ զրկվելով իրենց իրավունքներից և անհոգ մանկությունից: Բազմաթիվ երեխաներ կորցրել են իրենց հայրիկներին ու հարազատներին, ականատես են եղել հրետակոծությունների, ինչը հանգեցրել է ծանր հոգեբանական տրավմաների և զարգացմանը խոչընդոտող այլ հետևանքների: Որպես Արցախի մարդու իրավունքների պաշտպան՝ ես պատրաստել եմ արտահերթ զեկույց, որում փաստագրել և վերլուծել եմ Ադրբեջանի կողմից Արցախի երեխաների իրավունքների կոպտագույն խախտումները: Առաջնահերթ համարելով ցանկացած հանգամանքներում երեխաների իրավունքների պաշտպանությունը և ակնկալելով աշխարհի բոլոր երեխաների պաշտպանը լինելու Ձեր վճռական հանձնառությունը՝ Ձեզ եմ ուղարկում վերոնշյալ զեկույցը և խնդրում պատշաճորեն արձանագրել Արցախի երեխաների իրավունքների կոպտագույն խախտումները և գործնական քայլեր ձեռնարկել դրանց հետևանքները վերացնելու և խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ»:

Արթուր Ալեքսանյանը ստանձնեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանի պաշտոնը

Օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն և աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը նշանակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան: Կարդալ ավելին