Արցախի առողջապահական խնդիրները ներկայացվելու են ԱՄԿ-ին, ՅՈւՆԻՍԵՖ-ին և այլ կառույցների

Յաղջյան

Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարին Արցախի Հանրապետության բժիշկները ներկա չեն լինի. պատճառը շրջափակումն է։ Միջոցառման մեկնարկից առաջ հրավիրված ասուլիսի ժամանակ, aravot.am-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի (6 IMCA) համագումարի համանախագահ, ամերիկաբնակ բժիշկ Գևորգ Յաղջյանը։

«Մեր համագումարի նպատակը եղել է Հայաստանը, սփյուռքն ու Արցախը միավորելը։ Ցավոք սրտի, չենք կարող բերել Արցախի բժիշկներին, սակայն համագումարը պատրաստ է, որ բոլոր պլենար սեկցիաները, սիմպոզիումները հեռարձակվեն Արցախում: Բժիշկները հավաքվելու են մեկ տեղում, միանալու և առցանց հետևելու հնարավորություն են ունենալու»,- համաձայն աղբյուրի հայտնել է Յաղջյանը։

Հարցին` արդյոք համագումարի մասնակիցների կողմից կլինի առաջարկ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով մեկնել Արցախ և այնտեղ կատարել վիրահատություններ, քանի որ մարդիկ շրջափակման մեջ են, նա պատասխանեց` ամեն ինչ պատրաստ է, քննարկված է, դեսպանների հետ էլ խոսել են։

«Մենք հուլիսի 8-ին համագումարի փակման ժամանակ հայտարարությամբ հանդես կգանք, որը կուղարկվի բոլոր միջազգային կառույցներին, այդ թվում` Առողջապահության միջազգային կազմակերպություն, ՅՈւՆԻՍԵՖ և այլն: Բոլոր բժիշկները, որ ներկա կլինեն դահլիճում, կստորագրեն: Բացի այդ, հանդիպում ենք ունենալու ամսի 6-ին Արցախի ԱԳ նախարարի հետ: 15 հոգով ենք գնալու, ամեն երկրից կգա մեկ բժիշկ: Նախարարը կներկայացնի այսօրվա վիճակը, որպեսզի երբ բժիշկները վերադառնան իրենց երկրներ, այնտեղ ներկայացնեն իրավիճակը»,– ասաց ամերիկաբնակ բժիշկը։

Ասուլիսի ընթացքում, համագումարի պատվավոր նախագահ, պրոֆեսոր Արա Բաբլոյանը, համագումարի համանախագահ, բժիշկ Համբարձում Սիմոնյանը, համագումարի գիտական խորհրդի ղեկավար Ալեքսանդր Բազարչյանը ևս մտահոգություն արտահայտեցին, որ շրջափակման հետևանքով Արցախի բժիշկները չեն կարողանում մասնակցել համագումարին:

Նշենք, որ Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարը կկայանա Երևանում հուլիսի 6-8-ը։

Դիտումների քանակը: 3789
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին