Իրանական աղբյուրները կրկին ահազանգում են, որ Թուրքիան ռազմական տեխնիկա է կուտակել Հայաստանի հետ սահմանին՝ զորավարժություններ անցկացնելու նպատակով։ Այս անգամ այդ մասին նշել է իրանական Azariha թելեգրամ ալիքը:
Հաղորդագրությունում նկարների տեսքով ներկայացված են տանկեր, ինքնագնաց հրետանային կայանքներ և զրահապատ մեքենաներ։ Աղբյուրը նշվում է, որ զորավարժություններում ներգրավված զրահատեխնիկան նախկինում օգտագործվել է Սիրիայում ռազմական գործողությունների ժամանակ։ Հրապարակման հեղինակները, հղում անելով վերլուծաբաններին, նշում են, որ Անկարան և Բաքուն մտադիր են հարձակվել Հայաստանի Սյունիքի մարզի վրա, որը սահմանակից է Իրանին, և այդպիսով կտրել հայ-իրանական սահմանը։
«Իրանը բազմիցս հայտարարել է, որ տարածաշրջանի միջազգային և աշխարհաքաղաքական սահմանների փոփոխությունն իր համար կարմիր գիծ է։ Լիամասշտաբ պատերազմը կանխելու համար Իրանի զինված ուժերը պետք է անհապաղ տեղակայվեն սահմանի երկայնքով՝ Հայաստանի և Նախիջևանի միջև»,-նշում է թելեգրամ ալիքը։
Աղբյուրը մտահոգություն է հայտնում, որ Արցախի երկրորդ պատերազմը ծավալվել էր ԱՄՆ-ի ընտրությունների նախաշեմին, իսկ Իրանի սահմանին հավանականություն կա, որ կարող է տեղի ունենալ իրանական ընտրությունների հետ միաժամանակ։
Հիշեցնենք, որ փետրվարին Իրանի խորհրդարանի նախագահ Մուհամմեդ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր, որ Ղարաբաղում ռազմական գործողությունների հետագա շարունակությունն անվտանգության խնդիրներ կառաջացներ Իրանի հյուսիսային սահմաններին։
Թողնել պատասխան