Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտնում է, որ պաշտոնական Անկարան շատ բան կարող է առաջարկել Երևանի և Բաքվի հարաբերությունները կարգավորելու համար։ Այդ մասին Կլաարը գրառում է կատարել իր թվիթերյան միկրոբլոգում։
«Հավատացե՛ք` Թուրքիան շատ բան կարող է առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ կարգավորմանը աջակցելու համար»,- գրել է Կլաարը:
Վերջինս նաև հայտնել է, որ շփվել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և մի շարք այլ պաշտոնյաների հետ։
Տեղեկացնենք, որ Տոյվո Կլաարը Ստամբուլ էր մեկնել մասնակցելու TRT World Forum 2022 ֆերումին։
Հիշեցնենք, որ Տոյվո Կլաարը Հայաստան էր այցելել դեկտեմբերի 8-ին։ Երևանում նա հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Կողմերը քննարկել են խաղաղության պայմանագրին, Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումներին, արցախահայության իրավունքներին և անվտանգությանը վերաբերող հարցեր։
Մինչև Հայաստան գալը Կլաարն այցելել էր Ադրբեջան։ Նա հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահն իր հանձնառությունն է հայտնել ԵՄ կողմից աջակցվող ձևաչափին։ Սակայն շատ մարտահրավերներ մնում են չլուծված: Նրա խոսքով` Ադրբեջանից և Հայաստանից պահանջվում է զսպվածություն և ուժեղ քաղաքական կամք՝ լարվածությունը թուլացնելու և համապարփակ կարգավորման հասնելու համար։
Թողնել պատասխան