Ըստ Բոչարնիկովի ԵՄ-ն ՌԴ նախաձեռնությունը խլելու մտադրություն ունի

Միխայիլ Բոչարնիկով

ԵՄ-ն ցանկանում է Ռուսաստանից խլել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը։ Ըստ ադրբեջանական մամուլի, այդ մասին հայտարարել է Բաքվում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը։

Աղբյուրը հղում կատարելով վերջինիս, նշում է, որ Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Բոչարնիկովը, վկայակոչելով 44-օրյա պատերազմից հետո Մոսկվայի միջնորդությամբ Երևանի և Բաքվի կողմից ընդունված եռակողմ հայտարարությունները, նշել է, որ հենց դրանք են հանդիսանում կարգավորման գործընթացի ողնաշարը։

«Միևնույն ժամանակ, ես չէի ասի, որ կարգավորման գործընթացն արդեն հասել է ավարտին։ Այն ավելի շուտ իր սկզբնական փուլում է»,- նշել է դեսպանը` հավելելով, որ Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին։

«Ինչ վերաբերում է այն, ինչ այժմ կոչվում է խաղաղության պայմանագիր, ապա առաջին քայլն արված է՝ արձանագրվել է երկու կողմերի առաջ շարժվելու պատրաստակամությունը։ Բաքուն սեղանին դրեց Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքները։ Հայկական կողմն իր հերթին առաջ է քաշել իր առաջարկները։ Իսկ, ռուսական կողմը պատրաստվում է աջակցություն ցուցաբերել այս բանակցային գործընթացին»,- ընդգծել է դիվանագետը։

Պատասխանելով հարաբերությունների կարգավորման հարցում Եվրամիության մասնակցության մասին հարցին՝ Բոչարնիկովն ասել է, որ ԵՄ-ն լռում է այդ ուղղությամբ Ռուսաստանի ջանքերի մասին։

«Եվրամիության կողմից նկատվում է Ռուսաստանից նախաձեռնությունը խլելու և այդ բոլոր ոլորտներում առաջընթացն իրեն վերագրելու ցանկությունը»,- հավելել է դեսպանը` պնդելով, որ Բրյուսելը չի հիշատակում ոչ եռակողմ այդ հայտարարությունները, ոչ էլ գործընթացում Ռուսաստանի դերը։

Բոչարնիկովը կարծիք է հայտնել, որ Եվրամիությունը կարող է «օգուտ բերել գործընթացին, եթե ստանձնի տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման նախագծերի ֆինանսավորումը»։

Դիտումների քանակը: 4171
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին