Ուկրաինայի երկինքը փակելուց հրաժարվելով` ՆԱՏՕ-ի ղեկավարությունը ուկրաինական քաղաքների ու գյուղերի ռմբակոծման համար կանաչ լույս է վառել: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«ՆԱՏՕ-ն այսօր կանաչ լույս վառեց ուկրաինական քաղաքների և գյուղերի հետագա ռմբակոծման համար՝ հրաժարվելով ոչ թռիչքային գոտի ստեղծելուց, սակայն դուք կարող էիք փակել երկինքը: Ես չգիտեմ, թե ում կարող եք պաշտպանել, և արդյոք Դաշինքի երկրներն ընդունակ են պաշտպանել»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն տեղյակ է հակառակորդի՝ հարձակումն ուժեղացնելու ծրագրերին։
«Իմանալով, որ նոր հարվածներն ու զոհերն անխուսափելի են, ՆԱՏՕ-ն միտումնավոր որոշեց չփակել Ուկրաինայի երկինքը»,-ասել է Զելենսկին` հավելոլով, որ Ուկրաինայի փակ երկինքը չի կարող սադրել Ռուսաստանի Դաշնության ուղղակի ագրեսիան ընդդեմ ՆԱՏՕ-ի։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ն մերժել է Ուկրաինայի օդային տարածքում ոչ թռիչքային գոտիներ ստեղծելու ուկրաինական կողմի պահանջը՝ ասելով, որ իրենք մեծացնում են աջակցությունը, սակայն ուղղակի մասնակցությունը կհանգեցնի ավելի լայն, նույնիսկ ավելի դաժան եվրոպական պատերազմի:
«Մենք այս հակամարտության կողմ չենք: Մենք, որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ, պարտավոր ենք կանխել այս պատերազմի սրումը Ուկրաինայի սահմաններից դուրս, քանի որ դա կլինի էլ ավելի վտանգավոր, ավելի կործանարար»,-հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասուլիսի ժամանակ:
Թողնել պատասխան