ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այսօր` մարտի 8-ին, հանդիպել է ԻԻՀ Իսլամական խորհրդի մեջլիսի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրի հետ։
Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրեց 2020թ. Արցախի պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները։
Թումանյանն անդրադարձավ տարածաշրջանային ներկա իրողությունների պայմաններում Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման միտումներին, փոխշահավետ համագործակցության ուղղությունների և ծրագրերի հստակեցման և դրանց ակտիվ կենսագործման անհրաժեշտությանը։
Մ. Զոլնուրը խոսեց ինչպես 2020թ. պատերազմի օրերին և ետպատերազմական շրջանում Իրանի որդեգրած դիրքորոշումների և ձեռնարկած քայլերի, այնպես էլ տարածաշրջանային իրավիճակի և հնարավոր զարգացումների մասին։
Զրուցակիցները ընդգծեցին, որ Հայաստանի և Իրանի միջև կապերի հետագա ամրապնդումը, համակողմանի և արդյունավետ համագործակցության խորացումը բխում է ինչպես երկու բարեկամ երկրների շահերից, այնպես էլ տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունից։
Թողնել պատասխան