8–րդ գումարման ՀՀ ԱԺ–ում կլինի 107 պատգամավոր

ՀՀ ԱԺ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում հաշվարկեց, թե խորհրդարան անցած 3 քաղաքական ուժերից, որը քանի մանդատ կստանա։

Այսպես. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա` 68, «Հայաստան» դաշինքը` 26, «Պատիվ ունեմ» դաշինք 7 մանդատ։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պարզաբանեց, որ Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իր ստացած 68 քվեներից բացի կստանա ևս 3 քվե` ազգային փոքրամասնությունների եզդի, ռուս, քուրդ ներկայացուցիչ պատգամավորների համար, «Հայաստան» դաշինքն իր ստացած 26 քվեներից բացի կստանա ևս մեկ լրացուցիչ մանդատ` ասորի պատգամավորի համար։

Բացի այդ, «Հայաստան» դաշինքը ստանում է ևս 2 լրացուցիչ մանդատ, քանի որ, ինչպես մեկնաբանեց ԿԸՀ նախագահը, ընդդիմադիր կուսակցությունների մանդատները ընդհանուր թիվը պետք է լինի 36-ը։ Եվ, քանի որ «Հայաստան» դաշինքն ավելի շատ ձայն է ստացել, լրացուցիչ 2 մանդատները ևս տրվում են այս քաղաքական ուժին։

Ամփոփելով ստացվում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստանում է 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը` 29, «Պատիվ ունեմ» դաշինքը` 7։

Այսպիսով, ՀՀ-ում ընտրելու իրավունք ունեցող 2 595 512 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 1 281 997 կամ 49,39 տոկոսը։ Անվավեր ճանաչվեցին 4593 քվեաթերթիկ։ Համաձայն ԿԸՀ հրապարակած տվյալների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր  658 761 ձայն կամ  ընտրողների ձայների 53.91%–ը, «Հայաստան» դաշինքը ստացել է  269 481 ձայն կամ 21.09%–ը, «Պատիվ ունեմ» դաշինք`  66 650 քվե կամ 5.22%։

Հիշեցնենք` հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում էին 21 կուսակցություն և 4 դաշինք։

Ըստ օրենքի` եթե անցողիկ շեմը հաղթահարում են միայն երկու քաղաքական ուժ, ապա մանդատներ է ստանում նաև առավելագույն թվով ձայներ հավաքած երրորդ ուժը։

Այսպիսով` 8–րդ գումարման ՀՀ ԱԺ–ում ներկայացված կլինեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները։

Դիտումների քանակը: 4206
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին