«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել

Գայանե Աբրահամյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա մասնավորապես նշել է, որ որոշումը հեշտ չի տրվել, բայց չափազանց կարևորել է, որ ներդաշնակ լինի իր սկզբունքներին և արժեքներին։ Գայանե Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում ևս գրառում է կատարել։

«Լիովին գիտակցելով, որ մանդատ ստանձնելիս կառավարող ուժի և քաղաքացիների կողմից տրվել էր հսկայական պատասխանատվություն և վստահություն, որը պետք է նպատակակետին հասցնեի, սակայն հստակեցնեմ` պատգամավորի մանդատը դիտարկել եմ որպես միջոց` խնդիրների լուծման և մեր հռչակած բարեփոխումների մեծածավալ աշխատանքն իրականացնելու համար, և այս առումով արդյունավետությունը կարևորագույնն է, այլապես մանդատն ու կարգավիճակը կդառնան ինքնանպատակ, որն ինձ համար անընդունելի է։

Վստահեցնում եմ, որ այս որոշումը հեշտ չի տրվել, բայց չափազանց կարևոր է իմ սկզբունքների և արժեքների հետ ներդաշնակ լինել` մեր պետության ու ժողովրդի ապագայի համար կարևորագույն որոշումներ կայացնելիս։ Երբեք պատասխանատվությունից և պայքարից չեմ խուսափել, մանդատը ստանձնելիս, որպես առնվազն քսանամյա փորձ ունեցող լրագրող, գիտակցում էի, որ կլինեն քաղաքական որոշումներ, որոնց հետ հաշտ չեմ լինի, սակայն յուրաքանչյուրս՝ անհատական տիրույթում, մեր գործունեության առանցքում դնում ենք արժեհամակարգային սահմանագիծ, որը հատել կնշանակի առավել կարևորել կարգավիճակը որպես նպատակ, այլ ոչ թե միջոց», — նշված էր հաղորդագրությունում։

Աբրահամյանն իր հաղորդագրությունը ամփոփել է իր պատգամավորական գործունեության ընթացքում կատարած աշխատանքների ուղղություններով նշելով, որ «Ինչպես երկու տարի առաջ, այսօր էլ ես նույնչափ համոզված եմ, որ Թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը մեր նորագույն պատմության նշանակալի էջերից է, և հիմա, առավել քան երբևէ, մենք ունենք ժողովրդավար և հզոր Հայաստան կառուցելու ամենաիրական հնարավորությունը»:

Հարցի կապակցությամբ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարությամբ տեղեկացրել է հետևյալը․ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»։

Դիտումների քանակը: 4376
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին