Ադրբեջանցի մարզիկներին անվտանգության հատուկ միջոցներ է խոստացվել. Հարությունյան

Ապրիլի 14-ին` ժամը 20:30-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունից առաջ Ադրբեջանի պատվիրակությունը Հայաստան է ժամանել։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023 թ. առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Չեմ ցանկանում, որ Եվրոպայի առաջնությունում մեր հարևան երկրի մասնակցության հետ կապված մեծ աժիոտաժ լինի։ Ադրբեջանցիների պատվիրակությունն արդեն ժամանել է Երևան 12 հոգանոց կազմով, որից 4-ը մարզիկներ են: Մենք ապահովում ենք նրանց անվտանգությունը»,- հայտնել է վերջինս:

Նա նշեց, որ ընդունող երկիրը Հայաստանն է, բայց սա Միջազգային և Եվրոպական ֆեդերացիաների կողմից կազմակերպվող և անցկացվող մրցաշար է, և հայկական կողմը հայտը ներկայացնելիս ասել է, որ ապահովելու է բոլոր երկրների մարզիկների անվտանգությունը:

«Այս ընթացքում Եվրոպական ֆեդերացիայի միջնորդությամբ գրագրություն ենք ունեցել կոնկրետ Ադրբեջանի թիմի հետ՝ կապված անվտանգային հարցերի հետ։ Մենք անընդհատ շեշտել ենք, որ ինչպես մյուս, այնպես էլ Ադրբեջանի մարզիկների անվտանգությունը պատրաստ ենք ապահովել: Գործընկերները լրացուցիչ անվտանգություն են խնդրել, մենք դա էլ ենք ապահովել: Բոլոր միջոցները իրականացրել ենք՝ ուղեկցումներ, օդանավակայանում դիմավորում, հյուրանոցում լրացուցիչ անվտանգության ապահովում»,- նշեց Հարությունյանը։

Հավելենք, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի սույն թվականի ապրիլի 15-23-ը:

Դիտումների քանակը: 3724
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին