Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվել են անձնական դրդապատճառներով

Ադրբեջան

Իրանի իսլամական հանրապետության արտաքին գործերի և ներքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ու Ահմադ Վահիդին այսօր կայացած հանդիպումից հետո հաստատել են, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը անձնական դրդապատճառներով է եղել։ Այդ մասին հայտնում է պաշտոնական Թեհրանը։

ԻԻՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ միջադեպի կապակցությամբ անվտանգության անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվել դիվանագիտական առաքելության բնականոն աշխատանքը շարունակելու համար:

«ԱԳ և ՆԳ նախարարներ Աբդոլլահիանն ու Վահիդին քննարկել են Թեհրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած զինված հարձակման նպատակներն ու դրդապատճառները։ Դատելով ցուցմունքներից և նախնական դիտարկումներից՝ տղամարդը հարձակումն իրագործել է անձնական դրդապատճառներով»,- նշում է աղբյուրը։

Տեղեկացնենք նաև, որ ԻԻՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնել է, որ այս առնչությամբ առավել մանրամասն տեղեկատվություն կհրապարակվի հետաքննության գործընթացի ավարտից հետո։

Դեպքի առթիվ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ վերջին օրերի հակաադրբեջանական արշավն է հրահրել հարձակումը։ Բաքուն հայտնել է դեսպանատան անձնակազմին տարհանելու մտադրության մասին և վճռական պահանջ ներկայացրել Իրանին, այն է` գտնել և պատասխանատվության ենթարկել հարձակման պատվիրատուներին։

Հիշեցնենք՝ հունվարի 27-ին 50-ամյա Յասին Հուսեյնզադեն մտել է դեսպանատան շենք և կրակ բացել «Կալաշնիկով» ինքնաձիգից՝ սպանելով անվտանգության մեկ աշխատակցի և վիրավորելով երկուսին: Նրան ձերբակալել են։

Ըստ տեղական լրատվամիջոցների` տղամարդը հայտարարել է, թե ապրիլին իր կինը մտել է Ադրբեջանի դեսպանատուն և չի վերադարձել։ Նա բազմաթիվ անգամ հանդիպում է խնդրել դեսպանի հետ, բայց մերժել են: Արդյունքում այսօր առավոտյան տղամարդը որոշել է անձամբ գնալ այնտեղ` իր հետ վերցնելով «Կալաշնիկով» ինքնաձիգը։

Դիտումների քանակը: 3760
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին