Բերձորի (Լաչինի) միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ահագնացող հումանիտար ճգնաժամի մանրամասները ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցի ժամանակ ներկայացրել է Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Հեռախոսազրույցի ժամանակ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանի գործողությունները հանդիսանում են 2020թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունների խախտում, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ ոտնահարում:
«Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային հանրության անհապաղ քայլերի անհրաժեշտությունը` Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայության էթնիկ զտմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությունը կանխելու նպատակով»,- նշում է աղբյուրը:
Արարատ Միրզոյանը նաև շնորհավորել է գործընկերոջը ԵՄ խորհրդում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ:
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2022թ. դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելությանը: Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել առաքելության կատարած աշխատանքները:
Թողնել պատասխան