Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան պատասխանում չի նշվում Շուշիի և Հադրութի մասին

USA baku emp

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական turan իշխանամետ լրատվական գործակալությունը։

«Միացյալ Նահանգները կարծում է, որ մշտական երկխոսության, փոխգործակցության միջոցով, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, կարող ենք անել հնարավորը՝ օգնելու հասնել կայուն և համապարփակ խաղաղության։ Ինչպես նախկինում ասել ենք չկա Ադրբեջանի անկախության և ինքնիշխանության ավելի մեծ ջատագով, քան Վաշինգտոնն է»,- հայտնել է դեսպանատան խոսնակը, ի պատասխան «Ամերիկայի Ձայնի» հարցման՝ շեշտադրելով, որ «ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներն այցելել են և այցելում են Ադրբեջանի բոլոր շրջաններ, այդ թվում՝ Աղդամ [Ակնա], Զանգելան [Կովսական] և Ֆիզուլի [Վարանդա]»։

Ավելի վաղ Բաքվից հնչող հայտարարություններին արձագանքել էր նաև ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչությունը՝ հիշեցրել, որ Մինսկի խումբը հարթակ է ապահովում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների համար, որպեսզի Հարավային Կովկասում, ի վերջո, կայունություն հաստատվի:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը օգոստոսի 27-ին Շուշիյում Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների մասնակցությամբ միջոցառման ժամանակ հնչեցրել էր, որ Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանները հրաժարվել են մեկնել Շուշի։

«Նրանք անտեսեցին Ադրբեջանի կառավարության հրավերը։ Մենք դա ընկալում ենք որպես անհարգալից վերաբերմունք մեր տարածքային ամբողջականության նկատմամբ։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ն 30 տարի չեն նպաստել հակամարտության կարգավորմանը»,- ասել է Հաջիևը։

Դիտումների քանակը: 3998
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին