Ադրբեջանը հայտնել է 32 ռազմագերիներ վերադարձնելու մասին

Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ ռազմագերիների, իսկ Հայաստանը՝ 2 ադրբեջանցի։ Այդ մասին հայտնում են Հայաստանի վարչապետի աշխատակազմից։

Երկու երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին:

Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների:

Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների:

Որպես բարի կամքի քայլ` Հայաստանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին և հանում է իր թեկնածությունը: Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը հույս են հայտնում, որ Արևելյան Եվրոպայի խմբի մյուս պետությունները նույնպես կաջակցեն հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին: Որպես բարի կամքի քայլ` Ադրբեջանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված` Հայաստանի Հանրապետության թեկնածությանը:

Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը կշարունակեն իրենց քննարկումները վստահության կառուցման ավելի շատ միջոցառումների իրականացման վերաբերյալ՝ մոտ ապագայում կյանքի կոչելու համար, և կոչ են անում միջազգային հանրությանը` աջակցելու իրենց ջանքերին, որոնք կնպաստեն երկու պետությունների միջև փոխադարձ վստահության կառուցմանը և դրական ազդեցություն կունենան Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի համար»:

Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են 32 հայ ռազմագերիների անունները։ Նրանք են`
1.Ավագյան Հրաչ Արզումանի
2.Սերոբյան Գեղամ Սամվելի
3.Հովհաննիսյան Հայկազ Կորյունի
4.Թոսունյան Լևոն Աշոտի
5.Բաղդասարյան Արթուր Էդուարդի
6.Ստեփանյան Դավիթ Ստեփանի
7.Հերաբյան Հրայր Հրաչի
8.Միքայելյան Անդրանիկ Վազգենի
9.Ավագյան Սերոբ Սուրենի
10.Կոստանյան Նարեկ Աղայի
11.Հարությունյան Վարազդատ Սերյոժայի
12.Մարտոյան Մանուկ Հովհաննեսի
13.Վարդանյան Արսեն Արայիկի
14.Դիլանյան Արման Վազգենի
15.Թադևոսյան Հրայր Վարդանի
16.Բախրիկյան Վաչագան Էդիկի
17.Արամյան Կարեն Արամի
18.Սուքիասյան Անդրանիկ Սրապի
19.Մարտիրոսյան Գևորգ Սամվելի
20.Կիրակոսյան Էդուարդ Հայաստանի
21.Գևորգյան Ռոբերտ Հովիկի
22.Եղիազարյան Սասուն Սեյրանի
23.Հակոբյան Վոլոդյա Գագիկի
24.Ավագյան Տիգրան Մանուկի
25.Սաղաթելյան Գրիգոր Սեյրանի
26.Ավետիսյան Վաղարշակ Աշոտի
27.Ռաֆայելյան Վլադիմիր Օթարի
28.Սարգսյան Իշխան Աշոտի
29.Հովակիմյան Հարություն Յուրիկի
30.Ղազարյան Կարեն Աշոտի
31.Ոսկանյան Գագիկ Աշոտի
32.Էուլջեքչյան Վիգեն Աբրահամի

Հավելենք, որ ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նոյեմբերի 30-ին հայտնել էր, որ Բաքվում պաշտոնապես 55 հայ է պահվում, այդ թվում 6 քաղաքացիական գերի, 41 ռազմագերի և 8 նախկին բարձրաստիճան քաղաքական գործիչ, որոնք համարվում են քաղբանտարկյալներ։

Դիտումների քանակը: 4087
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին