ՌԴ-ն մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախից տեղահանվածների համար

Տատյանա Մոսկալկովա

Ռուսաստանում մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմը 6 տոննա մարդասիրական բեռ է հավաքել և ուղարկել Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանվածների համար։ Այդ մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

Աղբյուրը նշում է, որ մարդասիրական օգնությունը հավաքվել է հայկական սփյուռքի խնդրանքով՝ «Планета», «Возрождение и Надежда» հիմնադրամների և Համառուսաստանյան ժողովրդական ճակատի աջակցությամբ:

«Մենք 6 տոննա մարդասիրական օգնություն ենք հավաքել ըստ ձեր տված ցուցակի՝ անկողնային սպիտակեղեն, ներքնակներ, հիգիենիկ հավաքածուներ, հավաքածուներ երեխաների համար, տեխնիկա, հագուստ, մակարոնեղեն, մսի պահածոներ։ Կարծում եմ՝ այս ամենն օգտակար կլինի այն մարդկանց համար, որոնք այդ սարսափելի իրավիճակում են հայտնվել»,- ասել է Տատյանա Մոսկալկովան բեռն ուղարկելու արարողության ժամանակ, որն անցկացվել է Մարդու իրավունքների տանը։

Նա նշել է, որ կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանների հետ, որպեսզի կոնկրետ անձի վերաբերյալ հարցեր առաջանալու դեպքում հնարավոր լինի դրանք լուծել:

Մոսկալկովան հայտնել է` պատրաստ է աջակցել, որ եթե Արցախից տեղահանված երեխաները Ռուսաստանում կարողանան այցելել ամանորյա ներկայացումների։

Մոսկալկովան նաև պատմել է, որ իր աշխատակիցը Հայաստանում ՌԴ քաղաքացիների համար անձնական ընդունելություն կանցկացնի:

«Այնտեղ ռուսական քաղաքացիություն ունեցող շատ մարդ կա։ Ես խնդրում եմ այնտեղ անձնական ընդունելություն անցկացնել, լսել Հայաստանի տարածքում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների խնդրանքները։ Մենք մեր ուժերի ներածին չափով կօգնենք վերականգնել փաստաթղթերը, եթե դրանք կորել են, ընտանիքների վերամիավորման և մյուս բոլոր հարցերում»,- հավելել է նա։

Դիտումների քանակը: 4261
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին