ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային: Այդ մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։
Ըստ աղբյուրի` ԱԺ նախագահի տեղակալը դեսպանին մանրամասներ է ներկայացրել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի ծավալած հարձակողական գործողությունների մասին: Նա հավելել է, որ վստահելի ապացույցներ կան, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման՝ ընդլայնելով աշխարհագրությունը, այդ թվում՝ Նախիջևանի կողմից՝ ոտնձգություն կատարելով Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ:
Ճապոնիայի դեսպանը տեղեկացրել է, որ կփոխանցի Ճապոնիայի կառավարությանը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ փոխնախագահի ներկայացրած տեղեկությունները:
Մասանորի Ֆուկուշիման նշել է, որ Ճապոնիան և Հայաստանն ունեն գործընկերային ջերմ հարաբերություններ, սակայն համագործակցության չիրացված զգալի ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել:
Նրա խոսքով՝ ժամանակն է ակտիվացնել համագործակցությունը քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային և այլ ոլորտներում: Երկուստեք կարևորվել է նաև հայ-ճապոնական մշակութային ու գիտական կապերի ամրապնդումը:
Թողնել պատասխան