«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի 2-ի՝ Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ:
1991 թվականի սեպտեմբերի 2-ը արցախահայության կյանքում դարձավ դարավոր երազանքների իրականացման սկիզբը:
28 տարի առաջ արցախահայությունն իր միասնական կամքն արտահայտեց պատմական հայրենիքում արժանապատիվ ապրելու, իր իրավունքը պաշտպանելու, անկախ պետականություն կերտելու հարցում, ինչը հնարավոր դարձավ հայ ժողովրդի բազմամյա պայքարի ու անկոտրում ոգու շնորհիվ:
Մենք կարողացանք անձնվեր ծառայության, նվիրվածության եւ քրտնաջան աշխատանքի շնորհիվ ապացուցել, որ ի վիճակի ենք սեփական ուժերով կառուցել, շենացնել ու պաշտպանել մեր հայրենի օջախը եւ մեր անկախ պետականությունը:
Մեր նվիրական երազանքն իրականություն դարձավ մեզ պարտադրված պատերազմում տարած արժանապատիվ հաղթանակի շնորհիվ, իսկ հաղթանակը՝ շնորհիվ իրենց կյանքը զոհաբերած մեր հերոսների: Այս տոնական օրը մենք հատուկ երախտագիտությամբ հիշում ենք մեր բոլոր նահատակներին, որոնք իրենց կյանքի գնով ուղի հարթեցին մեր հայրենիքի արժանավայել ապագայի համար:
Դա պարտավորեցնում է մեզ լինել ավելի ուժեղ եւ ամուր, միասնական ու համախմբված` հանուն մեր հայրենիքի զորացման, հանուն համազգային իղձերի իրականացման:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս և ցանկանում հարատեւ խաղաղություն, բարեկեցություն եւ ստեղծագործ աշխատանք»:
Թողնել պատասխան