ԱՀ դատախազությունը բժշկի կողմից խարդախության դեպք է բացահայտել

Screenshot_20211214-165826_Gallery

ԱՀ գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդման հիման վրա 30.09.2021թ. դատախազությունում հարուցված քրեական գործով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության վիրաբույժ-պրոկտոլոգ Կարեն Տերտերյանը շահադիտական շարժառիթով գումար է հափշտակել։

ԱՀ դատախազությունը բժշկի կողմից խարդախության դեպք է բացահայտել

«Կարեն Տերտերյանը 2021թ. օգոստոս ամսից մինչև նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում խաբեության եղանակով, շահադիտական շարժառիթով գումար հափշտակելու նպատակով՝

— Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ժ.Հ-ին հաշմանդամության խումբ որոշելու հարցում աջակցելու կեղծ խոստում տալու և որպես միջնորդ իբր բժշկասոցիալական հանձնաժողովի նախագահ ոմն Կորյունի գումար տալու համար Ժ.Հ-ից ստացել ու հափշտակել է 250.000 դրամ գումար,

-Հադրութի շրջանի Թաղասեռ համայնքի տեղահանված բնակչուհի Ռ.Թ-ին և Հադրութ քաղաքի տեղահանված բնակչուհի Մ.Ս-ին «Դավիդյանց» մասնավոր կլինիկայում աշխատանքի տեղավորելու կեղծ խոստումով վերջիններից ստացել ու հափշտակել է, համապատասխանաբար, 360.000 և 350.000 դրամ գումար,

-պլանային վիրահատությունները ժամանակավոր դադարեցված, իսկ անհետաձգելի բուժօգնությունն անվճար լինելու պայմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Մ.Ա-ին ցուցված բժշկական միջամտությունը խաբեությամբ վճարովի ներկայացնելու և ստացված գումարը «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության դրամարկղ մուծելու սուտ հայտարարությամբ նրանից ստացել ու հափշտակել է 70.000 դրամ գումար», — նշված է ԱՀ դատախազության տարածած հաղորդագրության մեջ։

Նկարագրված արարքները կատարելու համար Կ. Տերտերյանը ԱՀ ՔԿ քննիչի 12.12.2021թ. որոշմամբ որպես մեղադրյալ է ներգրավվել ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասով (խարդախություն) և 37-րդ հոդվածի 4-րդ մասով ու 33-328-րդ հոդվածի 2-րդ մասով (կաշառք տալու փորձի դրդչություն), 184-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 4-րդ մասով ու 33-209-րդ հոդվածի 1-ին մասով (առևտրային կաշառք տալու փորձի դրդչություն), 184-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 4-րդ մասով ու 33-209-րդ հոդվածի 1-ին մասով, 184-րդ հոդվածի 1-ին մասով:

Աղբյուրը նաև նշում է, որ նույն օրը քննիչի կողմից որոշում է կայացվել մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարանին միջնորդություն հարուցելու մասին, որն ԱՀ ԸԻ առաջին ատյանի դատարանի 13.12.2021թ. որոշմամբ բավարարվել և մեղադրյալը կալանավորվել է:

«Քրեական գործի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկված քննչական գործողությունների, նախաձեռնված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով, ինչպես նաև քաղաքացիների կողմից իրենց նախաձեռնությամբ ներկայացված տեղեկություններով ի հայտ են բերվել և շարունակվում են բացահայտվել Կ. Տերտերյանի կողմից կատարված՝ նույնաբնույթ այլ արարքներ: Հետևաբար, իրազեկում ենք, որ եթե դուք նույնպես տուժել եք Կ. Տերտերյանի գործողությունների հետևանքով, ապա համապատասխան հայտարարությամբ կարող եք դիմել ԱՀ քննչական կոմիտե կամ դատախազություն», —  հավելում է աղբյուրը։

Դիտումների քանակը: 7675
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին