Թեհրանում՝ Աստանայի ձևաչափի գագաթնաժողովի շրջանակում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել են սիրիական կարգավորման, ղարաբաղյան խնդրի ու երկկողմ օրակարգի հարցերին:
«Շատ հարցեր կան նաև սիրիական կարգավորման վերաբերյալ, հեռանկարային խոշոր երկկողմ նախագծերը շարժվում են, զարգանում են։ Մեր տեսադաշտում է նաև մեկ այլ կարևոր հարց՝ ղարաբաղյան խնդրի կարգավորումը», — ասել է Պուտինը` հիշեցնելով, որ վերջերս Կասպյան գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ, և փոխանցեց վերջինիս ջերմ ողջյունները:
ՌԴ նախագահը նշել է, որ ուրախ է տեսնել Էրդողանին։ «Մենք գրեթե մեկ տարի չենք հանդիպել», — ասել է Պուտինը: Էրդողանը պատասխանել է՝ «Հեռախոսով հաճախ ենք շփվել»: «Ճիշտ է, դա լավ է», — պատասխանել է Պուտինը:
«Մեր գործընկերներն էլ մշտական ռեժիմով շփվում են», — ավելացրել է նա։
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները զարգանում են «անկախ ամեն ինչից, աճում է ապրանքաշրջանառությունը, ընդ որում՝ շատ զգալի տեմպերով»: Պուտինը նաև գոհունակություն է հայտնել, որ Աստանայի «եռյակի» գագաթնաժողովի շրջանակում ինքն ու Էրդողանը երկկողմ հանդիպում անցկացնելու հնարավորություն ունեն, քանի որ շատ հարցեր են կուտակվել:
Թողնել պատասխան