Արցախի դեմ Բաքվի կիրառած ֆոսֆորն ուկրաինական է. Մենենդես

Ուկրաինան Ադրբեջանին մատակարարել է սպիտակ ֆոսֆորի զինամթերք, որն օգտագործվել է 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական գործողությունների ժամանակ։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` մեջբերելով ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի խոսքերը։

Ադրբեջանական զինուժի կողմից այդ արգելված զինամթերքի օգտագործման վերաբերյալ հանձնաժողովում լսումների ժամանակ նա նշել է, որ դրանք մատակարարվել են Ուկրաինայի կողմից։

Ժնևի կոնվենցիան արգելում է սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերքի օգտագործումը, երբ այն կարող է քաղաքացիական զոհերի պատճառ դառնալ:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմը հոկտեմբերի 29-31-ն ընկած ժամանակահատվածում Արցախի անտառային տարածքներում սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ է կիրառել:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրատապ քննության արդյունքներով, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հաստատվել է ոչ միայն այս փաստը, այլ նաև պարզվել է, որ անտառներում թե՛ ցերեկային, թե՛ գիշերային ժամերին զինված հարձակումներից պատսպարվում էին նաև խաղաղ բնակիչներ:

2020թ. նոյեմբերի 2-ին Հայաստանյան 50 կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ դիմել են միջազգային բնապահպանական 100 կառույցների՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության անտառներում կիրառված ֆոսֆորական զինամթերքի օգտագործումը։

Նոյեմբերի 6-ին ՀՀ ՄԻՊ Արմեն Թաթոյանը նշեց, որ զանգվածային ոչնչացման զենքը կիրառվել է բնակավայրերի տարածքներում։ Դրանց թվում են Ննգի, Սղնախ, Ակնաղբյուր, Թաղավարդ, Տող, Քարին Տակ համայնքները, որոնց անտառները գտնվում են բնակավայրերին անմիջականորեն մոտ՝ մինչև անգամ 100 մետր հեռավորության վրա։

Իր հերթին Ադրբեջանը ևս փորձել է մեղադրել հայկական կողմին ֆոսֆորական զինամթերքի օգտագործման մեջ։

Դիտումների քանակը: 3987
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին