Արցախի Գետավանում ադրբեջանցիներն ագրեսիա են ցուցաբերել

Բռնություն

Սույն թվականի դեկտեմբերի 4-ին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Մատաղիս-Քարվաճառ երթուղով հերթական անգամ կազմակերպվել է ադրբեջանական բեռնատարների շարասյան երթևեկությունը։ Շարասյունը բաղկացած է եղել բեռնատար մեքենաներից և մեկ մարդատար ավտոմեքենայից, որում եղել են քաղաքացիական հագուստով թվով չորս ադրբեջանցի։ Այդ մասին հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունօց։

«Մարտակերտի շրջանի Գետավան համայնքի տարածքում տեխնիկական պատճառներով շարասյունը կանգ է առել, որից հետո մարդատար մեքենայում գտնվող ադրբեջանցիները դուրս են եկել մեքենայից և սկսել սանձարձակ ու սադրիչ վարք դրսևորել տեղում գտնվող հայ երիտասարդների հանդեպ՝ ծաղրելով ու վիրավորելով նրանց։ Առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում նշված ադրբեջանցիներն ու բեռնատար մեքենաների վարորդները բռնություն են գործադրել հայ երիտասարդների նկատմամբ»,- հայտնում է աղբյուրը` հավելելով, որ վեճը դադարեցնելու նպատակով նույն տեղանք են ներկայացել նաև երիտասարդների հարազատները, որի ընթացքում կողմերը նորից քաշքշել են միմյանց։

«Միջադեպի մասնակիցները ստացել են թեթև մարմնական վնասվածքներ, վնասվել է նաև ադրբեջանական մարդատար մեքենան»,- փաստում են ՆԳՆ-ից։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մարդատար մեքենայում գտնվող անձինք ադրբեջանական զինված ուժերի և ռազմական ոստիկանության ծառայողներ են, մինչդեռ ռուս խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ և ուղեկցությամբ նշված երթուղու պարբերական կիրառումը պետք է ունենա միայն հումանիտար նպատակներ:

Այս պահին Արցախի Հանրապետության ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում դեպքի հանգամանքները պարզելու և փաստագրելու ուղղությամբ։

Միջադեպի մասին տեղեկացված է նաև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։

Դիտումների քանակը: 3836
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին