Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անսակարկելի է. ԳՀԽ-ն ՀՀ իշխանությանը

Մայր աթոռ

Գերագույն հոգևոր խորհուրդը վերահաստատում է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անսակարկելի է: Ամփոփելով Մայր աթոռ սուրբ Էջմիածնում մեկնարկած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի աշխատանքները նման հայտարարությամբ հանդես եկավ Գերագույն հոգևոր խորհուրդը։

Մայր աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ Գերագույն հոգևոր խորհուրդը զորակցում է Արցախի ժողովրդին իր ինքնորոշման իրավունքի պահանջատիրության մեջ, որն արտահայտված է Արցախի Ազգային ժողովի հայտարարությունում։

«ՀՀ իշխանություններին կոչ ենք անում բոլոր ջանքերը գործադրել բաժանարար գծերը վերացնելու, քաղաքական համոզմունքներով պայմանավորված խտրական մոտեցումները դադարեցնելու, ատելության և թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու, ազգային բոլոր շրջանակների ներգրավմամբ երկխոսություն նախաձեռնելու ուղղությամբ։ Համազգային համախմբմամբ հնարավոր կլինի ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը, վերականգնել տարածքային ամբողջականությունը, կանխել մարդկային ու տարածքային հնարավոր նոր կորուստները և միջազգային հարթակներում պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,–ասված է հայտարարության մեջ։

Գերագույն հոգևոր խորհուրդը ողջունում է միջազգային հանրության և բարեկամ երկրների ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը և բանակցությունների միջոցով առկա հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը։ Խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակում առաջնահերթ պետք է նկատվի ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակումն ու զոհվածների մարմինների վերադարձը։

Բացի այդ, կարևորվում է խաղաղապահ ուժերի առաքելությունը Արցախում՝ ժողովրդի անվտանգության ապահովման գործում։

«Այս մարտահրավերների հաղթահարումը պահանջում է անմնացորդ զոհողություն իշխանություններից, եկեղեցուց, ազգային կառույցներից և համայն ժողովրդից։ Հայրենիքը ազգի հարատևության երաշխիքն է, ուստի երկիրը ծայրաստիճան ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու համար պետք է բացառել ամեն հատվածական ձգտում և շահ»,–հայտարարում է Գերագույն հոգևոր խորհուրդը։

Հոգևորականները հորդորում են աշխարհասփյուռ հայությանը համախմբվել ի պաշտպանություն Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության և Արցախի ինքնորոշման իրավունքի:

Խորհուրդը հայտնում է, որ մտահոգված են հայկական երկու պետությունների շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային անբարենպաստ զարգացումների առնչությամբ:

Դիտումների քանակը: 3968
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին