Արցախից երեխաների և կանանց խոշտանգված ու անդամախեղված դիեր են բերվել․ ՀՀ ՄԻՊ

ՄԻՊ

Արցախից Հայաստան տեղափոխված բազմաթիվ մարմիններ կան, որոնց վրա առկա են խոշտանգումների և/կամ անդամախեղումների նշաններ։ Այդ մասին ՀՀ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հիշեցրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

«Մարդկանց խոշտանգումների, մարմինների անդամախեղումների և այլ դեպքերի մասին առաջինը ես եմ խոսել։ Մարդու իրավունքների պաշտպանի` անգլերենով պատրաստված նախնական զեկույցը Հաագայի դատարանում ներկայացվել է որպես հիմնական ապացույց։ Հիմնական արձանագրումները հետևյալն են։ Կան Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված բազմաթիվ մարմիններ, այդ թվում` քաղաքացիական անձանց, մասնավորապես` երեխաների, կանանց, որոնց վրա առկա են խոշտանգումների և/կամ անդամախեղումների նշաններ»,- շեշտեց պաշտպանը։

Մինասյանը վստահեցրեց, որ այս ամենի մասին ներկայացրել է բոլոր միջազգային գործընկերներին։

Նա ընդգծեց, որ անձանց խոշտանգումների և մարմինների անդամախեղումների վերաբերյալ փաստահավաք աշխատանքներ են իրականացվել, բայց այս պահին թիվ չի հրապարակի, քանի որ հիմա պետք է ամեն ինչ անել բոլոր դեպքերը բացահայտելու համար։

Հարցին, թե Բաքվում հայազգի քանի կալանավորված անձ կա, Մանասյանը պատասխանեց՝ հստակ թիվ չի կարող նշել, քանի որ տեղեկությունների առաջին կրողը չէ, բայց դրանք անընդհատ մշակվում են։

«Իմ իրավասության շրջանակում փորձում եմ տեղեկություններ ձեռք բերել, բայց մի բան կարող եմ հատուկ շեշտել՝ ակնհայտ է, որ Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ մարդու իրավունքների բոլոր հնարավոր սահմանափակումները և միջամտությունը բոլոր հիմնարար իրավունքներին տեղի են ունենում միջազգային իրավական բոլոր չափանիշների խախտմամբ։ Այդ առնչությամբ իմ դիրքորոշումն անընդհատ ներկայացնում եմ միջազգային կառույցներին»,- ասաց պաշտպանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնել էինք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն արտահերթ նախնական զեկույց է ներկայացրել, որն ուղղված է հիմնականում մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցներին, ինչպես նաև իրավասու պետական մարմիններին:

Զեկույցում Անահիտ Մանասյանն ամփոփել ու վերլուծել էր փաստահավաք աշխատանքների ընթացքում ձեռք բերված տեղեկություններն ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված հանցանքների ու դաժանությունների վերաբերյալ, փաստագրել է բռնի տեղահանված անձանց, շտապօգնության մեքենաների թիրախավորման, երեխաների ու կանանց իրավունքների խախտումների ապացույցները։

Դիտումների քանակը: 4063
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին