«Արցախին ուժեղ նախագահ է պետք»: Արցախում առաջին կին նախագահի թեկնածուն է առաջադրվելու

Այս դժվարին պահին, երբ Արցախը բազում հարվածների կենտրոնում է գտնվում և մեր հասարակությունը փորձում են պառակտել տարբեր ուժեր, ակնհայտ է, որ Արցախին ուժեղ նախագահ է պետք: Այդ իսկ պատճառով, ես՝ Քրիստին Գրիգորիի Բալայանս,  չեմ կարող անտարբերություն ցուցաբերել այս հարցում: Համախոհներիս հետ միասին եկել ենք այն եզրակացության, որ ես առաջադրեմ իմ թեկնածությունը 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին:

Հարգելի հայրենակիցներ,

Քանի որ ես առաջին անգամ եմ դիմում ձեզ, որպես նախագահի ապագա թեկնածու, ցանկանում եմ հայտնել ՀԱՅՐԵՆԻՔԻՍ համար աշխատելու իմ պատրաստակամության մասին, ու տեղեկություններ հաղորդել այն հարցերի վերաբերյալ, որոնք ես համարում եմ ունեն շտապ լուծման անհրաժեշտություն և անշուշտ, տեղ են գտնելու իմ ապագա ծրագրում: Իհարկե, այդ ցանկը վերջնական չէ և ապագայում ձեր կողմից առաջարկված այլ հարցերով համալրվելու է։

Օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն:

Մարդիկ պետք է հավատան, որ օրենքի իմացությամբ կարող են շատ ավելի մեծ արդյունքների հասնել: Մեր պես պայմաներում գտնվող պետության համար կենսորոշ նշանակություն է ձեռք բերում դատական համակարգի նկատմամբ վստահության բարձրացման հիմնախնդիրը, ինչն անպատկերացնելի է առանց թափանցիկության ու հրապարակայնության բավարար աստիճանի ապահովման: Ցավոք սրտի այս պահի դրությամբ մենք ունենք բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են դատական համակարգում լուրջ խնդիրների ու բացթողումների մասին, ինչը հանգեցնում է պետության նկատմամբ վստահության թերացմանը:

Հասարակության մեջ մեծ դժգոհություն ստացած մենաշնորհների նկատմամբ վերահսկողության անարդյունավետությունը, մասնավորապես կապի բոլոր տեսակի այլընտրանքային օպերատորների ստեղծումը մեր երկրում:

Աղքատության և գործազրկության դեմ պայքար` նոր աշխատատեղերի ստեղծման խթանման միջոցով:

Իգական սեռի ավելի լայն ընդգրկումն երկրի ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական կյանքում:

Ուշադրություն դարձնել հաշմանդամություն ունեցող մարդկանց` պաշտպանելով նրանց իրավունքները:

Շատ կարևոր հարցերից են հանդիսանում կրթությունը, առողջապահությունը և բնապահպանությունը: Ինչպես նաև՝ բնակարանի քառակուսի մետրի անիրական բարձր արժեքի խնդիրը: Ցավով եմ նշում, որ այս ոլորտները նույնպես լուրջ խնդիրներ ունեն:

Անվիճելի է այն որ, բոլորիս ուշադրության կենտրոնում պետք է լինի մեր երկրի ապագան` Արցախի երեխաները: Այս հարցում մենք միանշանակ անզիջուն ենք: Պետությունը պետք է անի այն ամենը, ինչն անհրաժեշտ է երեխաների արժանապատիվ կյանքն ապահովելու համար: Նպաստը պետք է ստանա ցանկացած երեխա և հաջորդող ամեն երեխայի համար այն պետք է ավելանա որոշակի տոկոսով, մինչև չափահաս դառնալը:

Եվ վերջապես, հանդիսանալով զոհված ազատամարտիկի դուստր և ապագա Հայրենիքի պաշտպանի մայր, ես ուղղակի դատապարտված եմ կիսել մեր բանակի կայացման ու մարտունակության բարձրացման բեռը:

Հ. Գ. Ամուսնացած եմ, ունեմ երկու երեխա, կուսակցական եմ:

Դիտումների քանակը: 14539
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին