Ճանապարհային երթևեկության համար դիտավորյալ խոչընդոտներ ստեղծած անձինք ենթարկվել են վարչական պատասխանատվության: Այդ մասին հայտնում է Արցախի Հանրապետության ոստիկանության մամուլի ծառայությունը։
Դեկտեմբերի 20-ին «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ից գրություն է ստացվել առ այն, որ դեկտեմբերի 20-ին դեպի «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ին պատկանող Կաշենի լեռնահանքային համալիր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակելու արդյունքում Կաշենի հանքահարստացուցիչ կոմբինատի գործունեությունը ժամանակավորապես խաթարվել է:
Մեկնած ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի պետի տեղակալը պարզել է, որ նույն օրը ժամը 08:00-ին Մարտակերտի շրջանի բնակիչներ, 1974թ. ծնված Ս. Ս.-ն, 1978թ. ծնված Ս. Մ.-ն, 1993թ. ծնված Մ. Ա.-ն, 1981թ. ծնված Գ. Ս.-ն, 1973թ. ծնված Մ. Մ.-ն և 1983թ. ծնված Ն. Պ.-ն «Մերսեդես Բենց C-180» մակնիշի և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներով ներկայացել են Ճանկաթաղ համայնքի վարչական տարածքում գտնվող «Ղումեն կարյեր» կոչվող տեղամաս և պարանով փակել ավտոճանապարհը, որի հետևանքով կոմբինատի աշխատակիցների անձնակազմի 1-ին հերթափոխը ժամանակին աշխատվայր չի ներկայացել և ընկերությանը պատճառվել է խոշոր չափերի հասնող 6.000.000 ՀՀ դրամը գերազանցող վնաս:
Խախտում կատարած անձինք բերվել են ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» 140-րդ հոդվածի համաձայն ենթարկվել վարչական պատասխանատվության. 30.000-ական ՀՀ դրամի չափով տուգանք է նշանակվել:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:
Թողնել պատասխան