Արցախը պետք է լինի հնարավորությունների երկիր

Արցախի նախագահի թեկնածու Ռուսլան Իսրայելյան

Սիրելի Հայրենակից.

Ես` Ռուսլան Իսրայելյանս, ունենալով արժանապատիվ անցած ճանապարհ, հավակնում եմ ԱՀ նախագահի պաշտոնին: Արցախը պետք է դառնա մի երկիր, որտեղ բոլորի համար պայմանները հավասար են, կյանքը բարեկեցիկ է, ապրուստի միջոցներ հայթայթելը` հեշտ: Սա իմ առաջնային խնդիրներից է: Ցանկությունս է` Արցախը տեսնել զարգացած: Ինձ համար առաջին տեղում լինելու է մարդը, հատկապես երեխաններն ու տարեցները: Հատուկ ուշադրության կենտրոնում է լինելու որակյալ առողջապահությունը, կրթական համակարգի ռեֆորմները, մշակույթը, գիտությունը և առողջ ապրելակերպի քարոզումն ու դրանց զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը: Ձգտելու ենք հասարակության մեջ սոցիալական ապահովությունը հասցեական դարձնել: Ավելի լավ արդյունքների հասնելու բանալիները գտնվում են հատկապես հավասար կրթական հնարավորությունների և կյանքի ողջ ընթացքում ուսման շարունակականության մեջ:

Այս հիմքի վրա էլ մենք, մեր երկրի քաղաքացիների հետ միասին, գործելու ենք հանուն լավ, բարեկեցիկ ու արժանապատիվ ապագայի:

Առկա փտած համակարգի ողնաշարը կոտրելով միայն` մենք կկարողանանք հանդես գալ հանուն մարդու և քաղաքացու իրավունքների հարգման, սոցիալական ու տնտեսական կարիքների բավարարման: Մենք պետք է մեզ առանձնակի պարտավորված զգանք անտեսվածների և սոցիալապես անապահովների հանդեպ: Ոչ ոք չպետք է ուշադրությունից դուրս մնա, ոչ մեկը չպետք է անտեսվի: Այնտեղ, որտեղ արհամարհվում է մարդու արժանապատիվ ապրելու իրավունքը, որտեղ ճնշվում է անհատի, առանձին խմբերի կամ ամբողջ ժողովրդի ազատությունը, այնտեղ տիրում են բռնությունն ու երկպառակությունը: Սոցիալական արդարության հաստատմամբ նպաստելու ենք ժողովուրդի համերաշխությանը և առավել արդար երկրի կերտմանը: Իմ նպատակն է ունենալ սոցիալական պետություն, որը անհատներին ի վերջո կշահագրգռի և նրանց համար պայմաններ կստեղծի հնարավորության սահմաններում ցուցաբերել անձնական ու անհատական նախաձեռնություն:

Մենք առաջնորդվելու ենք “Անկախության սերունդը մեր ապագան է” կարգախոսով:

Ինձ համար կարևոր ուղղություններից մեկն էլ լինելու է հասարակության քաղաքացիական պաշտպանությունը: Ուշադրությունից դուրս չենք թողնելու բնապահպանական խնդիրները: Հատուկ ուշադրություն ենք դարձնելու ռազմավարական նշանակության տարածքների վերաբնակեցման խնդիրներին:

Մեզ անհրաժեշտ են զարգացման այնպիսի հեռանկարներ, որոնք նաև սահմանամերձ տարածքներում ապրող մարդկանց համար կստեղծեն կյանքի, կրթության և աշխատանքի համար անհրաժեշտ նախադրյալներ: Մեր ուշադրության կենտրոնում են լինելու հատկապես գյուղական բնակավայրերը, որոնց դեռ երկար ժամանակ անհրաժեշտ կլինի ակտիվ աջակցություն տնտեսական կարողությունների խթանման հարցերում: Իմ՝ ԱՀ նախագահ ընտրվելու դեպքում, նրանք, ովքեր երկիրը հասցրել են նման թշվառ վիճակի, պատասխանատվության են ենթարկվելու օրենքի ամբողջ խստությամբ: Անզիջում պայքար է մղվելու կոռուպցիայի դեմ և մեր գործունեությամբ պայքարելու ենք ինչպես կաշառակերության, պետական ունեցվածքի հափշտակության, այնպես էլ ստվերային տնտեսության և հովանավորչության դեմ: Մենք պետք է վերադարձնենք արդարության և օրենքի գերակայության սկզբունքը, այլ ոչ թե առաջնորդվենք նպատակահարմարության սկզբունքով:

Դիտումների քանակը: 6685
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին