Ապրիլի 24-ին Ուկրաինայի ՆԳ նախարարը հայտարարել է Հայոց ցեղասպանությունը պետական մակարդակով ճանաչելու անհրաժեշտության մասին` անվանելով այն ողբերգություն և դաս ողջ մարդկության համար։ Արսեն Ավակովն իր ֆեյսբուքյան էջում ծավալուն անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությանը։
«Այսօր ՝ ապրիլի 24-ին աշխարհը սգում է մեկուկես միլիոն սպանված, տանջամահ եղած, սովից մահացած մարդկանց համար, որոնց միակ մեղքը մարդասպանների առաջ «սխալ» ազգությունն էր և «սխալ» հավատը։ Դա մանրակրկիտ մտածված և պլանավորված սպանություն էր, որը տևեց երկու տասնամյակ։
1915 թվականի ապրիլի 24-ին մեկ գիշերվա ընթացքում Օսմանյան կայսրությունում ձերբակալեցին հարյուր հազարավոր մտավորականների, հոգևորականների, գրողների, փիլիսոփաների և նկարիչների՝ այն մարդկանց, ովքեր հայ ժողովրդի հոգևոր առաջնորդներն էին», – գրել է Ավակովը հավելելով, որ բոլորին սպանել են, իսկ կանանց, երեխաներին ու ծերերին քշել են անապատ։
«Դա համընկել էր Առաջին համաշխարհային պատերազմին, և հասարակությունն ընդամենը մտահոգություն է հայտնել։
Ձեզ դա ոչինչ չի՞ հիշեցնում։..
Քառորդ դար անց Հիտլերը հռետորական հարց էր տվել, թե ո՞վ է հիշում հայերի կոտորածը, իսկ որպես պատասխան եղավ Հոլոքոստը», – նշել է Ավակովը հավելելով, որ հենց այդ պատճառով էլ այդքան կարևոր է պետական մակարդակով ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Թվարկելով բոլոր այն գերատեսչություններին, երկրներին ովքեր ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և մեջբերելով Լինա Կոստենկոի «Цавэт Танэм» բանաստեղծությունը` Ավակովը կոչ է արել հետևյալը.
«Եկեք նաև մեզ վրա վերցնենք հայ ժողովրդի ցավը, որպեսզի պատմության մեջ երբեք չկրկնվի նման ողբերգություն»։
Թողնել պատասխան