Բաքուն արձագանքել է Հայաստան-Ֆրանսիա ռազմական համագործակցությանը

Սեզար

Պաշտոնական Երևանը և ֆրանսիական KNDS ռազմարդյունաբերական ընկերությունը «Սեզար» հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագիր են ստորագրել։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգից հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության՝ պայմանագրի կնքումը կարևոր իրադարձություն որակելով։

Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունն ընդգծում է, որ Հայաստանին մատակարարվող տեխնիկան պաշտպանական բնույթ է կրում: Հայաստանի անվտանգության համար մշտական սպառնալիքների և մարտահրավերների պայմաններում այդ մատակարարումները կօգնեն ամրապնդել երկրի պաշտպանական կարողությունները և ապահովել ինքնիշխանության պաշտպանությունը։

Նշված գործարքն անտարբեր չի թողել ադրբեջանական կողմին և չի ուշացել նրանց հերթական մեղադրանքները։ Այս անգամ պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ Հարավային Կովկասում «պատերազմի նոր օջախ ստեղծելու ողջ պատասխանատվությունը կրելու են Հայաստանի ղեկավարությունը և Մակրոնի բռնապետությունը»։

«Չնայած ադրբեջանական կողմի նախազգուշացմանը, Ֆրանսիան Հայաստանին մահաբեր և հարձակողական հրետանի և այլ զինատեսակներ է մատակարարում, ինչը Հարավային Կովկասի տարածաշրջանում Ֆրանսիայի սադրիչ գործողությունների հերթական ապացույցն է», — նշված է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարության մեջ։

Հավելենք նաև, որ Le Point պարբերականի փոխանցմամբ Ֆրանսիայի մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված բաց նամակ են ստորագրել` կոչ անելով խաղաղապահ զորակազմ ուղարկել Հայաստան:

«Ցավոք, դա կարող է բավարար չլինել Ալիևի վարչակարգը էքսպանսիոնիստական և հանցավոր ծրագրերից հետ պահելու համար։ Ադրբեջանը, հենվելով ռազմական առավելության վրա, նավթագազային եկամուտների և Թուրքիայի աջակցության շնորհիվ, տրամադրված է ռազմական էսկալացիայի, հատկապես Ղարաբաղում «հաջողված» էթնիկ զտումներից հետո։ Դա բարդացրել է Հայաստանի հարաբերություններն իր ավանդական դաշնակից Ռուսաստանի հետ»,-ասվում է հայտարարության մեջ։

Նամակի հեղինակները «վատագույն սցենարից խուսափելու համար», առաջարկում են ցույց տալ Հայաստանին աջակցելու օրինակ` հնարավոր ագրեսորների ախորժակը զսպելու համար։

Դիտումների քանակը: 3917
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին