Բաքվի և Երևանի քննարկվող հարցերից է 2 երկրներում էթնիկ փոքրամասնությունների իրավունքներն ու անվտանգությունը.ԱՄՆ պետդեպ

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն այս շաբաթվա ընթացքում կունենան հաջորդաբար մի շարք հանդիպումներ։ Այդ մասին լրագրողների հետ հեռախոսային ճեպազրույցի ընթացքում հայտնեցին ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները:

«Քննարկումները կողմերի միջև, որոնք մեկնարկել են այսօր առավոտյան, ընթանում են կառուցողական»,- հայտնել է պետքարտուղարության Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն:

Ըստ բարձրաստիճան դիվանագետների՝ Միացյալ Նահանգները հանձնառու է նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագային, իսկ ուղիղ երկխոսությունը միակ ճանապարհն է հիմնախնդիրների կարգավորման և տեւական խաղաղության հասնելու համար, որին նպաստում է Վաշինգտոնը:

Բոնոյի խոսքով՝ Մյունխենի հանդիպումն ակնհայտ դարձրեց, որ կողմերը հանձնառու են խաղաղության գործընթացին, որը Բոնոն որակում է շատ բարդ և համապարփակ: Քննարկվող փաստաթուղթը կրում է «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» անունը: Բոնոն նշում է, որ ԱՄՆ-ը ձգտում է, որպեսզի կողմերը կարգավորեն իրենց հարաբերությունները, կարողանան միասին ապրել, ամրապնդել տնտեսական կապերը և, նույնիսկ, իրենց հավաքական անվտանգությունը տարածաշրջանում: Սա բարդ գործընթաց է և համապարփակ, որի շրջանակում քննարկվում են բոլոր հարցերն, ասում է նա։

Պետքարտուղաության ներկայացուցչի խոսքերով՝ համապարփակ համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններում կողմերի միջև քննարկվող հարցերից մեկն է վերաբերմունքը էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ երկու երկրներում, որն անդրադառնում է էթնիկ փոքրամասնությունների իրավուքներին ու անվտանգությանը:

Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] մասին խոսելիս՝ ամերիկյան կողմը վերահաստատեց, որ Վաշինգտոնը վերջին մի քանի ամիսների ընթացքում շատ պարզ մատնանշել է նշված միջանցքով առևտրային, մարդասիրական ազատ տեղաշարժի ապահովման կարևորությունը և շարունակում է ներգրավված մնալ այդ քննարկումներում՝ ակնկալելով, որ շուտով տեղաշարժը միջանցքով կվերականգնվի:

ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկա Օլսոնը նաև հույս է հայտնել, որ կողմերը այս շաբաթվա ընթացքում «անմիջական և անկեղծ» քննարկումներ կունենան՝ խնդրի կարգավորմանը հասնելու համար:

«Հանձնառու ենք աջակցել այդ գործընթացին և պատիվ ունենք հյուրընկալելու այստեղ կարևոր այս երկխոսությունը, որը կարող է շարունակվել»,- ընդգծել է փոխպետքարտուղարի տեղակալը՝ կարևորելով բանակցությունների շարունակական բնույթը:

Դիտումների քանակը: 3923
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին