Բերձորի իրավիճակը պահանջում է անհապաղ գործողություններ. համազեկուցողները` ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ

Լաչինի միջանցքով [Բերձորի միջանցք] բոլոր տրանսպորտային միջոցներկ ազատ տեղաշարժը պետք է պահպանվի` համաձայն 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության։ Այդ մասին այսօր ԵԽԽՎ-ում հայտարարել են Հայաստանի հարցով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Օբերգը (Շվեդիա), ովքեր փետրվարի 17-19-ը այցելել էին Հայաստան։

Նրանք ԵԽԽՎ բոլոր անդամներին և վերջիններիս երկրների խորհրդարաններին կոչ են արել միանալ Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] ապօրինի շրջափակումն անհապաղ դադարեցնելու իրենց կոչին։

«Իրավիճակը Լաչինի միջանցքում [Բերձորի միջանցք] պահանջում է անհապաղ գործողություններ։ Այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն կարող ազատ դուրս գալ տարածաշրջանից»,- նշված է համազեկուցողների հայտարարությունում։

Վերջիններս նշել են նաև, որ միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահների մեքենաների մուտքուելքով հնարավոր չէ բավարարել բնակչության կարիքները։

Իրենց հայտարարությունում նրանք անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղում գազամատակարարման և էլեկտրամատակարարման բազմակի ընդհատումներին ու փաստել, որ այդ փաստը հանգեցրել է բնակիչների իրավունքների լուրջ ոտնահարումների։

«Շատ մարդիկ արդեն կորցրել են աշխատանքը, իսկ երեխաները զրկված են կրթությունից, քանի որ դպրոցները ստիպված են եղել փակել»,– փաստում են նրանք։

Համազեկուցողները խոսել են նաև ՀՀ ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի զինված ուժերի հարձակման և ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիայի մասին` այդ թվում արգելված զինատեսակների կիրառմամբ և քաղաքացիական ենթակառուցվածքների խոցմամբ։

«Մենք տեսել ենք Ջերմուկ քաղաքում և Սոթք գյուղում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ադրբեջանական զորքերի հարձակումների հետևանքները»,– գրված է հայտարարությունում։

Համազեկուցողները նշել են, որ իրենց եզրակացությունների մասին կհայտնեն ԵԽԽՎ Մոնիթորինգի կոմիտեին։

Այցի ընթացքում համազեկուցողները եղել են Ջերմուկ, Գորիս և Վարդենիս քաղաքներում, ինչպես նաև Հայաստանն Արցախին կապող ճանապարհի անցակետ ու արձանագրել մայրուղու փակ լինելը։ Նրանք հանդիպել են տեղի պաշտոնյաներին և Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] շարունակական խոչընդոտման պատճառով Գորիսում արգելափակված արցախցիներին։

Դիտումների քանակը: 3912
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին