Բերման են ենթարկվել ՊՆ մատակարար կազմակերպության ղեկավարներ

կաշառք

Այսօր հայտնի դարձավ, որ արտերկրում գրանցված ընկերության խորհրդի նախագահ Դ.Գ.-ն, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ, ի սկզբանե առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ,  ընկերության անունից ՀՀ ՊՆ-ի հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ ընկերությունը պարտավորություն է ստանձնել 2018 թվականի ընթացքում, ՀՀ ԶՈՒ ԳՇ կարիքների համար մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցներ: Տեղեկությունը հրապարակել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը։

Համաձայն հաղորդագրության Ա. Բ.-ն և Դ. Գ.-ն, օգտվելով կնքված պայմանագրի ուժով ընձեռնված հնարավորությունից, ձեռնամուխ են եղել  կնքված պայմանագրի առարկային չհամապատասխանող գույքը խաբեությամբ իրացնելու և դրա դիմաց ՀՀ ՊՆ-ից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու ուղղակի դիտավորության իրագործմանը և այդ նպատակով պայմանագրով նախատեսված հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցների փոխարեն, խաբեության եղանակով՝ թաքցնելով մատակարարված գույքի տակտիկատեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը, մեկ միասնական դիտավորությամբ, մատակարարել են ընդհանուր՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար արժեքով ավելի հին՝ 1977 թվականի Չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով։ Անհրաժեշտ է նշել, որ  նրանց կողմից մատակարարված հրանոթի կրակոցները չեն ապահովել թիրախի խոցման հեռավորությունը, ձգաբանական բնութագրով չեն համապատասխանել ՊՆ-ի տրամադրության տակ առկա հրանոթների կրակոցի ձգաբանական բնութագրին և ՀՀ զինված ուժերում գործող լեռնային հրաձգության աղյուսակի պարամետրերին, հետևաբար անհնար է եղել մատակարարված կրակոցները կիրառելու դեպքում լուծել մարտական խնդիրներ։ Արդյունքում խարդախությամբ հափշտակվել է  առանձնապես խոշոր չափերի հիշյալ գումարը:

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը բերման է ենթարկվել մատակարար կազմակերպության խորհրդի նախագահ Դ. Գ.-ն, ով նույն օրը ներգրավվել է մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով և միջնորդություն է ներկայացվել Դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Կալանավորման միջնորդություն է ներկայացվել նաև ընկերության տնօրենին։

«Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ կատարված հանցագործությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը վերականգնելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ», — նշված է ԱԱԾ-ի հաղորդագրությունում։

Աղբյուրը տեղեկացնում է նաև, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ներկայումս քննվում են նաև Դ.Գ.-ի կողմից կոռուպցիոն մեխանիզմների գործադրմամբ Պաշտպանության նախարարությանը կատարված մատակարարումների ընթացքում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ այլ քրեական գործեր, որոնցով այս պահին իրականացվում են ակտիվ քննչական և դատավարական գործողություններ։

Դիտումների քանակը: 4732
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին