Բեռն ավելի շատ Ադրբեջանի վրա է ընկնում. Եղիշե Կիրակոսյան

Եղիշե Կիրակոսյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցի կիրառման վերաբերյալ որոշում է կայացրել, և սա Հայաստանի համար արդեն իսկ հաջողություն է։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Որոշման մեջ կոչ է արվում Հայաստանին և Ադրբեջանի բնակչությանը զերծ մնալ այնպիսի միջոցների կիրառումից, որոնցով կխախտվեն մարդու իրավունքները։ Նշված է նաև, որ կողմերը հնարավորինս շուտ դատարանին ներկայացնեն ձեռնարկած միջոցների մասին։ Այս որոշումն ակնկալելի էր»,–ասաց Կիրակոսյանը։

Նրա խոսքով` այն, որ պետության դիմումի հիման վրա դատարանը կայացնում է միջանկյալ միջոց, եզակի դեպքերի թվին է դասվում. սա երրորդ նման դեպքն է։ Բոլոր դեպքերում էլ դատարանն անդրադառնում է երկու պետություններին։

Սա ամեն դեպքում, ըստ Կիրակոսյանի, Հայաստանի համար հաջողություն է, քանի որ նախ ՀՀ–ի կողմից է ներկայացվել, բացի այդ, ՄԻԵԴ–ն այդ դիմումը չի ուղարկել Ադրբեջան` հաստատում ստանալու համար։ Նրա խոսքով` ճիշտ է, ՄԻԵԴ–ը երկու պետություններին է դիմել, սակայն քանի որ ընթացք է տրվել Հայաստանի դիմումին, ապա այս դեպքում բեռն ավելի շատ Ադրբեջանի վրա է ընկնում։ Հարցն այն է, որ ՄԻԵԴ–ն իր որոշման համար հիմք էր ընդունել Հայաստանի ներկայացրած փաստերը խախտումների վերաբերյալ։

Կիրակոսյանը տեղեկացրեց, որ առաջիկայում ՄԻԵԴ–ին կտրամադրեն Հայաստանի կողմից իրականացված միջոցների մասին տեղեկություն և կսպասեն Ադրբեջանի նման քայլին։ Նա հավելեց նաև, որ դրանից հետո նոր դիմում են ներկայացրել ՄԻԵԴ` նոր փաստեր տրամադրելով։

Իսկ ինչ վերաբերում է Վարդենիսի խաղաղ բնակչության նկատմամբ հրետակոծության դեպքին, Կիրակոսյանը հայտնեց` այդ տեղեկությունները սեպտեմբերի 29-ին երկու անգամ լրացուցիչ դիմումներով ներկայացվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Դիտումների քանակը: 4424
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին