Բրյուսելում ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետերը պայմանավորվել են արագացնել համագործունեության ընթացքը

Բրյուսելում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ անցկացված նիստի ընթացքում կողմերը պայմանավորվել են արագացնել սահմանազատման հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության կարգի համաձայնեցման աշխատանքները: Այդ մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում անց է կացվել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Ըստ ՀՀ ԱԳՆ–ի` մինչ նիստի մեկնարկը Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն ողջունել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պատվիրակություններին, հաջողություն է մաղթել հանձնաժողովների աշխատանքներին և վերահաստատել Եվրոպական միության պատրաստակամությունը հետագայում ևս օժանդակություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման հարցերում:

Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևն իրենց ողջույնի ելույթներում երախտագիտություն են հայտնել ԵՄ խորհրդին հանդիպման լավ կազմակերպման համար։

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների մակարդակով տարբեր ձևաչափերում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձ են կատարել կազմակերպչական և ընթացակարգային հարցերի։

«Հանձնաժողովների համատեղ գործունեության իրավական շրջանակների ձևավորման նպատակով կողմերը պայմանավորվել են արագացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կարգի համաձայնեցման աշխատանքները: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով որոշել հանձնաժողովների չորրորդ նիստի անցկացման ամսաթիվը և վայրը»,– ասված է հաղորդագրությունում։

Դիտումների քանակը: 3953
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին