Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը (The International Association of Genocide Scholars-IAGS) հայտարարություն է ընդունել՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը: Այդ մասին հայտնում են 1lurer.am լրատվականից։
«Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության գործադիր և խորհրդատվական խորհուրդները խստորեն դատապարտում են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը և տարածաշրջանի բնիկ հայ բնակչության դեմ շարունակվող ագրեսիան և նախազգուշացնում հայ բնակչության դեմ ցեղասպանության վտանգի մասին»,- համաձայն աղբյուրի նշված է հայտարարության մեջ:
Բացի այդ փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանի գործողություններն Արցախի բնակիչների մարդու իրավունքների, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ակնհայտ խախտում են:
«Ադրբեջանի կառավարությունը, որին աջակցում է իր դաշնակից Թուրքիան, երկար ժամանակ պաշտոնական մակարդակով խրախուսում էր հայերի նկատմամբ ատելությունը, անպատժելիությունը հայերի դեմ կատարված վայրագությունների համար և բազմիցս սպառնում էր մաքրել տարածաշրջանը բնիկ հայ բնակչությունից»,- ասված է փաստաթղթում:
Ցեղասպանության վտանգը վերացնելու համար ընկերակցությունն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել աջակցությունը այսպես կոչված «էկոակտիվիստներին», որոնք արգելափակում են Լաչինի միջանցքը [Բերձորի միջանցք], ապահովել բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] երկու ուղղություններով, ինչպես նաև դադարեցնել գազի, էլեկտրականության և ինտերնետի ընդհատումները դեպի Արցախ:
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ բռնություններն ու ատելության սերմանումը, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել Իլհամ Ալիևի վարչակարգին ագրեսիայի, ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների համար:
Թողնել պատասխան