Իրանը ՀՀ-ի համար կարևոր գործընկեր է. Գրիգորյան

ՀՀ ԻԻՀ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԻԻՀ նախագահի տեղակալ Սեյեդ Մասուդ Միրքազեմիի համանախագահությամբ ս.թ. հունվարի 31-ին Թեհրանում կայացել է Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունների ընթացքը մշտադիտարկող հանձնախմբի նիստը։ Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

«Կողմերը խոսել են նաև էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում առկա համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Մտքեր են փոխանակվել առևտրատնտեսական հարաբերությունների՝ այդ թվում ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության զարգացման և ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծման շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը հայտնում է նաև, որ նիստի նախօրեին կայացել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԻԻՀ նախագահի տեղակալ Սեյեդ Մասուդ Միրքազեմիի աշխատանքային հանդիպումը։

Հանձնախմբի աշխատանքների շրջանակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, շրջակա միջավայրի նախարարների տեղակալների մասնակցությամբ տեղի են ունեցել առանձին թեմատիկ քննարկումներ՝ հայ-իրանական համագործակցության փոխշահավետ ուղղություններով առկա խնդիրները վերհանելու և դրանց լուծման ուղղությամբ համատեղ միջոցառումներ իրականացնելու նպատակով։

«Մշտադիտարկող հանձնախմբի նիստի ավարտին փոխվարչապետը նշել է, որ Իրանը Հայաստանի համար բարեկամ երկիր և կարևոր գործընկեր է։ Նա կարևորել է նման ձևաչափով պարբերական քննարկումների անցկացումը։ Գրիգորյանը Միրքազեմիին հրավիրել է Երևան հաջորդ նման ձևաչափով նիստը անցկացնելու համար»,- հայտնում են կառավարությունից։

Երկուստեք ընդգծվել է, որ արձանագրված խնդիրների լուծումները մշտապես կլինեն 2 երկրի կառավարությունների ուշադրության կենտրոնում։

Դիտումների քանակը: 3857
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին