Դատարան դիմելու խոչընդոտներ են ստեղծում. ՀՀ ՄԻՊ–ը` դրույքաչափերի բարձրացման մասին

Դատարան դիմելու համար պետական տուրքի դրույքաչափերի մինչև 10 անգամ բարձրացման վտանգների վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արտահերթ հրապարակային զեկույց է հրապարակել։

Թաթոյանի համոզմամբ՝ սահմանված նոր դրույքաչափերը ստեղծում են դատարան դիմելու իրական խոչընդոտներ և հանգեցնում են դատարանի մատչելիության անհիմն սահմանափակումների:

Մասնավորապես, 2021 թվականի հոկտեմբերի 29-ին ուժի մեջ են մտել «Պետական տուրքի մասին» օրենքում կատարված այն լրացումներն ու փոփոխությունները, որոնցով զգալիորեն բարձրացվել են դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ Վերաքննիչ և Վճռաբեկ բողոքների համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը:

«Օրինակ՝ պետական տուրքի նվազագույն շեմը 1500 դրամից դարձել է 6000 դրամ, ոչ դրամական պահանջներով հայցադիմումների համար նախատեսված 4000 դրամ պետական տուրքը՝ 20.000 դրամ, ոչ դրամական պահանջի գործերով վերաքննիչ բողոքների համար նախատեսված պետական տուրքը 10.000 դրամից՝ 30.000 դրամ, վճռաբեկ բողոքների դեպքում՝ 20.000 դրամից 40.000 դրամ, իրավաբանական անձանց սնանկ ճանաչելու դիմումների համար նախատեսված 500.000 դրամ պետական տուրքը՝ 1.000.000 դրամ, իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումների համար ներկայիս 2.000 դրամը՝ 20.000 դրամ և այլն։ Վերացվել են նաև պետական տուրքի գծով առկա որոշ արտոնություններ»,–գրել է Թաթոյանը:

Պաշտպանը այս թեմայով դիմում է հասցեագրել նաև Սահմանադրական դատարան, որտեղ հատուկ անդրադարձել կա նաև պետական տուրքի դրույքաչափերը մի քանի անգամ բարձրացնելու հիմնավորումներին։

«Առնվազն ճիշտ չէ դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ծախսերի վճարման ողջ բեռը միայն դատավարության մասնակիցների վրա դնելը։ Ընդունելի չէ նաև որպես պետական տուրքի դրույքաչափերը բարձրացնելու հիմնավորում նվազագույն աշխատավարձի փոփոխությունների վկայակոչումը, որ 2003 թվականի դրությամբ կազմել է 13.000 ՀՀ դրամ, իսկ 2020 թվականին՝68.000 ՀՀ դրամ՝ աճելով 5.2 անգամ»,– շեշտել է Թաթոյանը:

Նա ընդգծել է, որ նման խնդիրներն անհրաժեշտ է լուծել այնպիսի մեխանիզմներով, որոնք չեն սահմանափակի անձի՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները և առավել ևս չեն հանգեցնի դրանց անհամաչափ սահմանափակման։

Դիտումների քանակը: 3918
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին