Դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են

դատավոր

Հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարը երեք դրվագով միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով քննվող քրեական գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին։ Որից հետո բարձրագույն դատական խորհուրդը, 2019 թվականի հուլիսի 26-ին քննելով միջնորդությունը, լսելով ինչպես ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․ Հարությունյանին, այնպես էլ դատավոր Դ․ Գրիգորյանին, որոշել է ներկայացված միջնորդությունը երկու դրվագներով բավարարել, իսկ մեկով՝ մերժել։

Որոշումը հրապարակվել է 2019թ. հուլիսի 27-ին։ Ելնելով վերոգրյալից՝ օրենքի ուժով կասեցվել են նաև դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները։ Լիազորությունները կասեցված Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում գտնվող բոլոր գործերը հանձնվելու են գրասենյակ, և դրանք համակարգչային ծրագրի միջոցով վերաբաշխվելու են: Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու որոշում կայացրած դատավորն է։

Դատավոր Գրիգորյանը ԱՀ ներկայիս և ԼՂՀ նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի երաշխավորագրով ազատ էր արձակել Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին, ապա գործի վարույթն առհասարակ կասեցնելով՝ ուղարկել Սահմանադրական դատարան: Ներկայումս Գրիգորյանն արձակուրդում է։ Հուլիսի 16-ին նրա աշխատասենյակը խուզարկել էին, ապա կնիքել։ Պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Դավիթ Գրիգորյանն այս պահին կասկածյալի կարգավիճակ ունի։ Նրա դեմ հաղորդում տված անձը Սերգո Փանոսյանն է, որը հաղորդում էր ներկայացրել դեռ 2019թ–ի փետրվարի 18-ին, սակայն նախաքննական մարմինն այդ հիմքով քրեական գործի հարուցումը մերժել էր։ Իսկ 2019 թ.-ի մայիսի 22-ին գործը վերանայվել էր` ի հայտ եկած փաստացի նոր հանգամանքների հիմնավորմամբ։

Գլխավոր դատախազությունը կտրականապես հերքել է, թե Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ուշադրությունը կապված է Ռոբերտ Քոչարյանի գործի հետ:

Դիտումների քանակը: 4911
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին