Եկեղեցի-պետություն հարաբերություններին առնչվող հարցերով խումբը սկսեց իր աշխատանքը

Մայիսի 3-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպումը:
Անդրանիկ նիստը նախագահեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիստի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց աշխատանքային խմբի անդամներին և ներկաներին:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ

Մեծարգո վարչապետ,
Հոգևոր hայրեր,
Հարգարժան պետական այրեր և ներկաներ,
Ողջունում և Մեր օրհնությունն ենք բերում ձեզ: Մեր ուրախությունն ենք հայտնում Եկեղեցի-պետություն հարաբերությունների արդյունավորման նպատակով աշխատանքային խմբի առաջին նիստի գումարման առիթով:
Հայրենի պետության և մեր Եկեղեցու հարաբերությունների կանոնակարգման այս նոր ձևաչափը բարեպատեհ հնարավորություն է քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը և փնտրելու դրանց լուծման ուղիներ՝ ի խնդիր մեր Եկեղեցու առաքելության արդյունավորման՝ հանուն մեր երկրի և ժողովրդի:
Մեր պատմությունը լավագույնս վկայում է, որ Եկեղեցին հոգեփրկչական իր առաքելության ծիրում անուրանալի ներդրում է ունեցել հայկական պետության զորացման և ամրապնդման գործում, նաև պետության սատարումով արգասավորել է իր հոգևոր ծառայությունը մեր ժողովրդին: Եկեղեցու և պետության հարաբերությունները Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի և Սուրբ Տրդատ Գ թագավորի սերտ գործակցության շնորհիվ նվիրագործվել են Հայաստանի՝ առաջին քրիստոնյա պետություն հռչակումով, որը եղել և մնում է մեր ժողովրդի փառքն ու պարծանքը: Պետականության բացակայության պայմաններում Եկեղեցին շարունակել է խնամել ու առաջնորդել մեր ժողովրդին՝ արթուն պահելով անկախ պետականության վերականգնման գիտակցությունը և ջանքեր ներդնելով հայոց պետության վերահաստատման համար:
Հայրենի պետականությունը անսասան պահելու և պետական շահերով առաջնորդվելու Հայոց Եկեղեցու դիրքորոշումը լավագույնս արտացոլված է Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի հայտնի ձևակերպման մեջ, որը Հայոց Եկեղեցու ողջ պատմության ընթացքում առանցքային է եղել մեր հայրապետների ու եկեղեցականների գործունեության մեջ:
Մեր Եկեղեցու առաքելությունը վերափոխել է մեր ժողովրդի կյանքը հոգևոր, կրթական, գիտական և մշակութային նշանակալի ձեռքբերումներով: Եկեղեցու հոգեփրկչական առաքելության առանցքում հոգևոր-բարոյական արժեհամակարգով անձի կերտումն է, ազգի հավատավոր, հայրենասեր, օրինապահ զավակի կրթությունն ու դաստիարակումը, ինչը նաև պետության առաջնահերթությունն է քաղաքացու ձևավորման պատասխանատու գործում: Այս առումով մեծապես կարևոր է պետության և Եկեղեցու համագործակցությունը՝ թելադրված ազգային մեր շահերով ու գերակայություններով, մեր ազգային ինքնությունը, ոգին, նկարագիրը պահպանելու հրամայականով:
Փառք ենք տալիս Տիրոջը, որ անկախության անցնող տարիների ընթացքին նշանակալի քայլեր են կատարվել մեր պետության և Եկեղեցու հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Այդուհանդերձ, առկա են լուծման կարոտ կարևոր հարցեր ու խնդիրներ: Մենք հույս ունենք, որ այս աշխատանքային խմբի շրջանակներում կգտնվեն արդյունավետ լուծումներ ազգային մեր կյանքում Եկեղեցու առաքելության անխոչընդոտ իրականացման համար: Քննարկումների ընթացքում, կարծում ենք, նկատի պիտի առնվեն ելակետային որոշ իրողություններ ու դիտարկումներ, որոնք ներկայացնում ենք ստորև.
1. ՀՀ Սահմանադրությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ճանաչում է որպես Ազգային Եկեղեցի՝ հաշվի առնելով Եկեղեցու բացառիկ առաքելությունը մեր ժողովրդի կյանքում: Միաժամանակ Սահմանադրությամբ երաշխավորված է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը: Հայ Առաքելական Եկեղեցուն առանձնահատուկ կարգավիճակի տրամադրումը երբեմն միտումնավոր ներկայացվում է որպես խտրականության դրսևորում, ինչը միանշանակ կողմնակալ գնահատական է և չի ներդաշնակում միջազգային փորձի և ընդունված չափանիշների հետ: Տարբեր երկրների, այդ թվում նաև եվրոպական մի շարք պետությունների կրոնական օրենսդրությունների ուսումնասիրությունը և փորձը փաստում են, որ տվյալ երկրի ու ժողովրդի պատմության մեջ մեծ դեր ունեցած կրոնական հաստատության առանձնահատուկ կարգավիճակը որևէ ձևով չի ենթադրում խտրականություն կրոնական կազմակերպությունների նկատմամբ:
2. Կրոնական կազմակերպությունների՝ պետությունից անջատվածության սահմանադրական հիմնադրույթը երբեմն թյուրըմբռնմամբ ընկալվում է Հայոց Եկեղեցու պատմականորեն նվիրագործված առաքելությունը սահմանափակելու իմաստով: Այս կողմնորոշումը փորձ է արվում հիմնավորել վկայակոչելով պետության աշխարհիկության սկզբունքը: Մինչդեռ «աշխարհիկ պետություն» հասկացությունը չի կրում հակաեկեղեցական կամ ապակրոնական տարր և չի բացառում պետության և Եկեղեցու գործակցությունը ու չի խոչընդոտում դրա իրականացմանը կյանքի զանազան ոլորտներում, առավել ևս՝ քրիստոնեական հարուստ ժառանգություն և հնագույն ավանդույթ ու անցյալ ունեցող Հայաստանում:
3. Եկեղեցական հիմնահարցերի օրենսդրական կարգավորումներում պետք է նկատի առնվեն նաև Հայոց ցեղասպանության, ինչպես և խորհրդային տարիներին Եկեղեցու նկատմամբ իրագործված հալածանքների հետևանքով Հայ Առաքելական Եկեղեցուն հասցված նյութական և մարդկային ահռելի վնասներն ու կորուստները, այդ թվում՝ վանքերի, եկեղեցիների, եկեղեցական ենթակառուցվածքների ավերումն ու ոչնչացումը և ունեցվածքի ու կալվածքների բռնազավթումը: Այս ամենը, ինչպես և այդ ժամանակաշրջանում Եկեղեցի-պետություն հարաբերությունների փաստացի չգոյության իրողությունը չեն թույլատրել վերականգնելու կրած կորուստները: Այս համատեքստում կարևոր է պետության զորակցությունը, որպեսզի Եկեղեցին կարողանա վերականգնել անհրաժեշտ պայմաններն ու հնարավորությունները իր առաքելության համար ի հայրենիս և ի սփյուռս:
Աշխատանքային այս խմբի գործունեության հետ կապված են դրական սպասումներ թե՛ հոգևորականության, թե՛ հավատավոր մեր ժողովրդի շրջանակներում: Վստահ ենք, որ Եկեղեցի-պետություն գործակցության ընդլայնումը պիտի նպաստի մեր ժողովրդի ազգային և հոգևոր կյանքի զորացմանը, գիտակից ու օրինապահ քաղաքացու ձևավորմանը, ընտանիքների ամրությանը, Եկեղեցու պայծառությանը և պետության հզորությանը:
Մեր աղոթքն է, որ Տերը խաղաղ երկնքի ներքո բարօրություն ու բարգավաճում պարգևի հայրենի մեր երկրին և արդյունավորի մեր ժողովրդի և հայրենի իշխանությունների բոլոր ջանքերը՝ հանուն մեր հայրենիքի, մեր ազգային կյանքի առաջընթացի և շեն ու պայծառ գալիքի:

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋ

Դիտումների քանակը: 4601
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին