Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչն իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Լաչինի միջանցքի խնդրին։
«Լաչինի միջանցքի հասարակական կարգի ու անվտանգության ապահովման համար պատասխանատու անձինք պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը` ճանապարհով տեղաշարժն անհապաղ վերականգնելու համար»,– գրել է նա իր թվիթերյան միկրոբլոգում` հավելելով որ այդ քայլը պետք է արվի Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացումը կանխելու համար։
Դունյա Միյատովիչը նաև հրապարակել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի պաշտոնական էջի անդրադարձը։
«Ես ուշադիր հետևում եմ դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքով անցնող ճանապարհի փակումից հետո Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։ Ես անհանգստացած եմ, որ մարդկանց տեղաշարժի երկարատև խափանումը, ոմանց թույլ չտալով հասնել իրենց տներ, ինչպես նաև պարենային ապրանքների և ծառայությունների, ներառյալ սննդի մատակարարումների և շտապ բժշկական օգնության հասանելիությունը, սպառնում է Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից մարդու իրավունքների իրացմանը»,- այսօր ասել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը:
«Ես պատրաստ եմ ներգրավվել բոլոր համապատասխան զրուցակիցների հետ՝ աջակցելու առկա մարտահրավերների հաղթահարմանը»,- հավելել է հանձնակատարը։
Թողնել պատասխան